Արտառոց պատկեր եթերում

Կենտրոն հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» թոք-շոուի եթերում հետաքրքիր պատկեր էր՝ ԵԼՔ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկմանը բավական աշխուժորեն պաշտպանում էր կառավարության նախաձեռնությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի նոր կառույցի մասին ընդունված օրենքը, որին դաշինքը քվեարկել էր կողմ, հայտարարելով, որ այդպիսով ընդդիմությունը ստանում է կարեւոր գործիք: Պատկերը Հայաստանի համար իսկապես ոչ սովորական է. ընդդիմությունը պաշտպանում է կոռուպցիայի դեմ իշխանության պայքարի մի քայլ, դա համարելով իր համար գործիք: Փաստացի ստացվում է, որ իշխանությունն ընդդիմությանը տվել է իր դեմ պայքարի գործիք, որովհետեւ կոռուպցիան Հայաստանում հենց իշխող համակարգն է՝ չկա կոռուպցիա, չկա համակարգ: Հարց է առաջանում, ինչու՞ է իշխանությունն իր դեմ պայքարի գործիք տալիս ընդդիմությանը, եթե ինքն ունի իր իսկ դեմ պայքարի բազմաթիվ այլ գործիքներ, եւ եթե կա պայքարի տրամադրություն, ապա կարող են կիրառվել այդ գործիքները՝ ինչու՞ ստեղծել նորը: Ո՞րն է նպատակը: Արդյոք չկա ծուղակ: Առավել եւս, երբ ընդդիմության ներկայացուցիչը կարող է հայտարարել, հրապարակավ, թե բոլորի աշխատանքից, մասնակցությունից է կախված, կաշխատի՞ այդ գործիքը, թե ոչ: Այսինքն, ստացվում է էլ ավելի հետաքրքիր մի պատկեր՝ ընդդիմությունը ստանձնում է կողմ քվեարկելու պատասխանատվություն, բայց արդյունքի համար պատասխանատվությունը տարածում է «բոլորի» վրա: Ընդ որում, առկա է որոշակի նմանություն Ընտրական գործընթացի իրավիճակի հետ: Ընտրությանն ընդառաջ էլ կար մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ ՀԱԿ-ը, որը պատմական էր որակում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության հետ համաձայնությունը, ասելով, որ փաստացի լուծվել է ընտրատեղամասերում ընտրակեղծիքը բացառելու հարցն ու այդպիսով մոտ 70 տոկոսով լուծվել ազատ ընտրության խնդիրը: Հետո այդ ուժի ներկայացուցիչը հայտարարեց՝ անցողիկ շեմը չհաղթահարելուց եւ խորհրդարանից դուրս մնալուց հետո, որ միամիտ է եղել: Այժմ գրեթե նույն կերպ, բայց արդեն խորհրդարան անցած ընդդիմադիր ուժը գնահատում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանությունից ստացած գործիքը: Ընտրական համակարգն ու կոռուպցիան գործնականում իշխանության երկու առանցքային հենասյուներն են՝ վերարտադրության եւ կենսագործունեության: Կարո՞ղ է արդյոք իշխանությունը դրանցում գնալ հանրությանն արվող սկզբունքային զիջումների: Մյուս հարցը թերեւս այն է, թե նույնակա՞ն է այս դեպքում հանրություն եւ ընդդիմություն եզրը: Այսինքն, ընդդիմությանն արվող որեւէ զիջում կամ ընդառաջ որեւէ քայլ արդյոք նշանակում է զիջում հանրությանը: Բանն այն է, որ ընդդիմությունն իշխանությանը պետք է, իսկ հասարակության վերահսկողությունը՝ ոչ: Որովհետեւ ընդդիմությունը Հայաստանում իշխանության սցենարով եւ խաղի սահմանած կանոններով իրականացվող քաղաքական գործընթացի մաս է, որի առկայությունն իշխանության համար թե ներքին, թե արտաքին խնդիրներ լուծելու կարեւոր հնարավորություն է: Իսկ հասարակության դերն այդ գործընթացում դիտորդությունն է՝ կողմնակի, հեռակա: Ըստ այդմ, երբ ընդդիմադիր որեւէ ուժ որեւէ համաձայնության է գալիս իշխանության հետ, մեծ, թե փոքր, ապա դա նրանց քաղաքական համաձայնությունն է, որը հասարակության, պետության շահի հետ կարող է կապ ունենալ բացառապես արձանագրվող որեւէ կոնկրետ արդյունքի դեպքում: Ըստ այդմ, որեւէ համաձայնության, փոխզիջման, պայմանավորվածության պարագայում ընդդիմադիր տվյալ ուժն է բացառապես կրում դրա արդյունավետության պատասխանատվությունը:  Ընդ որում, ամենեւին քննադատելի կամ առավել եւս պախարակելի չէ, երբ ընդդիմությունը իշխանության հետ քաղաքական խաղի կանոնի շրջանակում կայացնում է իշխանության այս կամ այն նախաձեռնությանն աջակցելու որոշում: Առավել եւս, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդդիմադիր քաղաքական գործունեությունը դուրս բերել ինքնանպատակ հակադրումների տրամաբանությունից կամ «Սերժիկ հեռացիր» ոչինչ չասող տեղապտույտից: Ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած դիրքորոշման արդյունքի համար պետք է ստանձնել «միանձնյա» պատասխանատվություն, ոչ թե այն դնել «բոլորի» վրա: Ընդ որում, դա պետք է լինի «հին» եւ «նոր» որակի ընդիմությունների միջեւ տարբերության առանցքային տարրերից մեկը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-06-2017 11:15