ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը կօպտիմալացվի

12-06-2017 15:55

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Խորհրդակցության օրակարգում են եղել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի եւ հաստիքացուցակի օպտիմալացման հարցերը: Ազգային ժողովի նախագահը աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին հանձնարարել է ապահովել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը եւ խիստ հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության նկատմամբ:   Արա Սաղաթելյանը ներկայացրել է աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ գույքագրման առաջին փուլի ավարտից հետո իրականացվելու են գույքագրման եւ գույքի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ, ինչն էապես կավելացնի աշխատանքների արդյունավետությունը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է նաեւ աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով նախատեսվող փոփոխությունների փաթեթը: Արա Բաբլոյանը հանձնարարել է աշխատանքների արդյունավետության բարձրացման գործընթացը դարձնել մշտական, իսկ աշխատակազմի օպտիմալացումը` շարունակական: Ազգային ժողովի նախագահն աշխատակազմի ղեկավար կազմին տվել է հստակ հանձնարարականներ` ստեղծելու եւ ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգ, որը պետք է էապես հեշտացնի պատգամավորների գործունեությունը` բացառելով ավելորդ թղթաշրջանառությունը: Մասնավորապես հանձնարարվել է ներդնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորների աշխատասենյակներում եւ դահլիճում նույն պատգամավորի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Ստեղծվող էլեկտրոնային կառավարման համակարգը միաժամանակ հնարավորություն կտա ապահովել աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով` այդպիսով ունենալով էական խնայողություններ:

Lragir.am
12-06-2017 15:55