Ֆորս-մաժոր. Ինչքան ժամանակ եւ ռեսուրս ունի Հայաստանը

Ինչ արդյունք ունեցավ կամ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հերթական այցը: Հունիսի 10-ին նրանք Հայաստանում էին, հետո Արցախում, մեկ շաբաթ անց լինելու են Բաքվում: Ըստ երեւույթին, համանախագահների այցի արդյունքի մասին հնարավոր կլինի խոսել միայն Բաքու կատարած այցից հետո: Թեեւ, մյուս կողմից, քիչ հավանական չէ, որ առնվազն ներկայում համանախագահները աշխատում են կողմերի հետ առանձին-առանձին, առանց համադրության մոտալուտ հեռանկարի: Դա պայմանավորված կարող է լինել թե ապրիլից հետո ստեղծված լիովին նոր իրավիճակով, թե նաեւ աշխարհքաղաքական իրավիճակով: Մինսկի խմբի համանախագահ երեք միջուկային տերությունները ներկայում զբաղված են շատ ավելի կարեւոր կետերով, քան Կովկասն ու Արցախի խնդիրը: Ըստ այդմ նրանք ունեն Կովկասում կայուն վիճակ ապահովելու խնդիր: Կարճաժամկետ առումով դա հնարավոր է ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ առանձին աշխատանքով, մինչ հնարավոր կլինի միջնաժամկետ եւ առավել երկարաժամկետ առումով գտնել կայուն վիճակը պահելու «համատեղ» ֆորմատ: Ներկայում ընթանում է այդ ֆորմատի աշխույժ որոնում, նաեւ դիրքային պայքար կողմերի միջեւ՝ հնարավոր նոր ֆորմատում առավել թելադրող դիրքում լինելու համար: Այդ իմաստով, Մինսկի խմբի համանախագահների այցից թերեւս առավել կարեւոր է մեկ այլ այց՝ ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայի այցը Հայաստան, որ տեղի է ունենում հունիսի 12-ին: Խնդիրն այն է, որ ներկայում թե Կովկասի, թե Արցախի կայունության հեռանկարի առումով առավել կարեւոր է դառնում ՆԱՏՕ-ի կովկասյան հեռանկարը, քան Մինսկի խմբի համանախագահների գործուղումների ժամանակացույցը: Որքանո՞վ արագ կբյուրեղանա ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Կովկասում, որ տեղի է ունենալու Վրաստանի միջոցով: Դրանով է պայմանավորված, թե որքանով արագ կվերափոխվի Կովկասի անվտանգության համակարգը՝ թե մեխանիզմների եւ բաղադրիչների հարաբերակցության, թե նաեւ արժեհամակարգային հենքի տեսանկյունից: Թեեւ դա տեղի է ունենալու Վրաստան «պլացդարմի» միջոցով, այդուհանդերձ աներկբա է, որ Կովկասում ՆԱՏՕ գլխավոր գործընկերը Հայաստանն է, Հայաստանի զինված ուժերը, քանի որ զուտ գործնական բաղադրիչների առումով Հայաստանն է դրել Կովկասի անվտանգության նոր համակարգի հիմքը՝ Արցախի պատերազմի հաղթանակով, ու փաստացի առ այսօր պահում է այն: Այստեղ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը «բնական դաշնակիցներ» են, քանի որ Կովկասի անվտանգության ռուս-թուրքական համակարգի անշրջելի տրանսֆորմացիան միջազգային անվտանգության համակարգի ամրացման կարեւոր նախապայման է: Դա պետք է թե եվրատլանտյան հանրությանը, թե Հայաստանին: Այստեղ իհարկե ընդունված ու արձանագրված խնդիր է Ռուսաստանի վերաբերմունքը: Ռուսաստանը Կովկասը համարում է իր կենսական շահի գոտի, որի ֆորպոստ է դիտարկում Հայաստանը եւ խանդով վերաբերում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերության խորացման որեւէ հեռանկարի: Ունի՞ Հայաստանը բավարար ինքնիշխանություն, որպեսզի ապահովի իր բնական շահերի սպասարկումը: Դա մի հարց է, որը սպառնում է վերածվել «հավերժականի»: Հայաստանի ներկայիս իշխանության ինքնիշխանությունը «ծայրահեղ» երեւույթ է, այսինքն քիչ թե շատ լիարժեք եւ գործնական դառնում է միայն ծայրահեղ իրավիճակներում՝ կամ ներքին, կամ արտաքին հարցերի դեպքում: Առկա է իսկապես հակասական մի պատկեր, երբ Հայաստանի ինքնիշխանությունը սնուցվում է տարբեր մասշտաբի եւ բնույթի «ֆորս-մաժորներից»: Մի կողմից լավ է, որ կա այդ սնուցման աղբյուրը, մյուս կողմից շատ բարդ է ասել, թե արդյոք Հայաստանն ունի իրեն ինքնիշխանության այդ «մեթոդաբանությունը» թույլ տալու բավարար ռեսուրս եւ ժամանակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-06-2017 15:50