ԵԱՀԿ-ն դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանը. հետո ադրբեջանցիները կրակել են

09-06-2017 15:51

Հունիսի 7-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկումից հետո Այգեպարի համայնքում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵՀԱԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Տեղեկացնենք, որ հունիսի 7-ի այդ դիտարկումից հետո, մեկ օր անց՝ հունիսի 8-ին ադրբեջանցիները Տավուշի սահմանում գնդակոծել են Բաղանիս գյուղը:

Lragir.am
09-06-2017 15:51