Ազգային ժողովն ընդունեց ազդարարի մասին նախագիծը

08-06-2017 11:45

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին, Ազդարարման մասին նախագծերը և հարակից նախագծերի փաթեթը: Այն ընդունվեց միաձայն, կողմ քվեարկեց 86, դեմ ու ձեռնպահ չկար: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախքան քվեարկությունն ասաց, որ ընդունվել է ընդդիմության առաջարկը, ըստ որի՝ մրցութային կարգով հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է առաջադրել նաև ընդդիմությունը: «Արդեն իսկ կա ձևակերպումը, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով թեկնածու են առաջադրելու այդ հանձնաժողովում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Ելք և Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին: Հիշեցնենք, որ ըստ այդմ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով է ստեղծվելու, ինչպես նաև ներդրվելու է ազդարարման համակարգը, ազդարարները այն անձինք են, ովքեր կոռուպցիոն դեպքերի մասին տեղյակ են պահելու իրավասու մարմիններին և բարեխիղճ տեղեկություն տրամադրելու դեպքում պաշտպանված են լինելու օրենքով:

Lragir.am
08-06-2017 11:45