ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիայի հրաժեշտին

2003 թ. Իրաքի պատերազմը, աշխարհքաղաքական քողարկումներով հանդերձ, իրականում ուներ բացահայտ գեոտնտեսական բնույթ, քանի որ Իրաքը կոչված էր դառնալ նավթի համաշխարհային պահեստարան, կրիտիկական ժամանակների հաշվարկով, որն անհրաժեշտ էր կառավարելի ջերմամիջուկային ռեակցիայի ստացման համար: Հետագայում Բաղդադի «կենտրոնական կառավարությունը» փորձեց ապահովել երկրի ինքնիշխանությունը, եւ այնքան էլ հասկանալի չէր՝ արտահայտվում էին համաարաբակա՞ն, թե այնուամենայնիվ շիական հավակնություններ: Այսպես թե այնպես, Արեւմուտքի առաջատար տերությունները Իրաքի հյուսիսում փորձեցին ստեղծել քրդերի վերահսկողության տակ գտնվող նավթի աղբյուր՝ անկախ ՕՊԵԿ-ից ու թուրքական երթուղիներից եւ Օրմուզի ծոցից, այն դեպքի համար, եթե Հարավային Իրաքը, որտեղ կենտրոնացած է իրաքի նավթի մեծ մասը, դուրս գա վերահսկողությունից: Հենց սրա հետ էր կապված Իրաքի «կենտրոնական կառավարության» հետ ռազմական հակամարտությանը Թուրքիայի ներքաշման խաղը: Թուրքիան իր հերթին ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին հասկացնում էր, որ ռազմական հակամարտություններին իր ներգրավվելու դեպքում կպահանջի նրանց մասնակցությունը կոնկրետ ռազմական աջակցության հարցում: Սիրիայի իրադարձությունները Թուրքիան օգտագործում է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ սկզբունքային հարաբերություններ պարզելու համար: Միջազգային քաղաքական դիսկուրսում վաղուց «լեգիտիմ» է այն թեզը, որ Թուրքիայի դիրքորոշումը դարձել է ՆԱՏՕ-ում ճգնաժամի կարեւորագույն գործոն: Թուրքիային այնուամենայնիվ ներքաշեցին Տիգրիսի ու Եփրատի միջեւ «վիետնամի» մեջ, որից այն խիստ զգուշանում էր, քանի որ գլխավոր նպատակը տարածաշրջանի, այդ թվում Թուրքիայի սահմանների վերաձեւումն է: Սակայն ինչպե՞ս համատեղել գլոբալ նշանակության նավթի «տակառի» ստեղծումը թուրքական «վիետնամի» հետ: Հնարավոր է «տակառը» կարող է սպասե՞լ: Համենայնդեպս, Թուրքիան զգուշացնում է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին, որ եթե հարկ լինի պատերազմել, ապա միայն՝ նրանց մասնակցությամբ, այսինքն «վիետնամը» լինելու է բոլորի համար: Որքանո՞վ դա կվախեցնի Արեւմուտքին: ՆԱՏՕ-ի լիարժեք մասնակցությունը կարող է տեղի ունենալ ՆԱՏՕ-ի կանոնադրության համապատասխան փաստարկների ու հիմքերի դեպքում: Կլինե՞ն նման հիմքեր: Վերջին տարիներին ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ բանավեճեր չկան: Ամերիկացիները փորձում են հրաժեշտ տալ Թուրքիայի անդամության գաղափարին: Ամերիկացիներին պետք չէ Թուրքիան ՆԱՏՕ-ում, եւ այդ մասին բացահայտ խոսում են Պենտագոնի թինկ-թենկերի փորձագետները: ԱՄՆ-ն հանգիստ կվերաբերվի այն բանին, եթե Թուրքիան իր ցանկությամբ լքի ՆԱՏՕ-ն: Այս գաղափարը հետեւողական առաջ է քաշվել, եւ կարելի է ասել, որ Թուրքիայի հարցում այն «առաջացել» է ոչ շատ վաղուց ու ծավալվել բավական արագ, արդեն Թրամփի օրոք: Թրամփի ու Էրդողանի շփումները ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել քաղաքական խնդիրների հետ: ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ ստեղծվել են բավական մակերեսային ու թշնամական տարրեր պարունակող հարաբերություններ: Արդեն ոչ մի նշանակություն չունեն միջնորդական գործոնները՝ Իսրայելը, իսլամական գործոնը, պանթյուրքիստական համատեքստը: Ներկայում դեռ վաղ է խոսել ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր ելքի մասին, այդ գաղափարը չի հասունացել անգամ Թուրքիայում: Սակայն ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիային հրաժեշտ տալուն: ԱՄՆ-ում հասկանում են, որ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը դարձել է ակտուալ խնդիր, եւ առանց նրա ամերիկացիներն իրենց ավելի հարմարավետ կզգային: Խնդիրը Սեւծովյան-Կովկասյան ու Մերձավորարեւելյան տարածաշրջաններն են, որտեղ ԱՄՆ-ն պետք է ունենա նոր գործընկերներ ու ռազմական բազաներ: ԱՄՆ-ն պատրաստ է այդ խնդիրները համակարգել եվրոպացիների հետ, ինչը նկատելի է Գերմանիայի ու Ֆրանսիայի պահվածքում:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
07-06-2017 21:17