Ինչ է նախատեսում հակակոռուպցիոն նոր փաթեթը

07-06-2017 12:54

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Ազդարարաման համակարգի և Հանրային ծառայության մասին նախագծերը և դրանցից բխող փաթեթը: Հիմնական զեկուցողը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է: Նա նշեց, որ այս փոփոխություններով երեք հիմնական կարգավորում է  լինում: Առաջինը գործող Հանրային ծառայության մասին օրենքում կատարվող փոփոխություններն են: «Փոփոխությունը հետևյալն է՝ հայտարարատուների ցանկն ընդլայնվում է: Այսօրվա պաշտոնատար անձանցից, որոնք թվով մոտ 500-ն են, հայտարարատու պաշտոնատար անձինք են դառնում մոտ 2200 հոգի: Այս շրջանակի ընդլայնման հիմքում դրված են եղել մի շարք չափորոշիչներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարատուների շրջանակի ընդլայնումը պետք է տեղի ունենա փուլ առ փուլ: Միանգամից բոլոր պաշտոնյաներին ֆիզիկապես անհնար է ընդգրկել այդ ցանկ»,- ասաց նա: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին այս ցանկում ներառված են բոլոր դատախազները, քննիչները, քրեակատարողական հիմնարկների և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք և Գնումների բողոքարկամն խորհրդի անդամները: Հաջորդ հարցը, որը հստակեցվել է, ընտանիքի կազմ հասկացությունն է: Ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք են համարվում հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության ներքո գտնվող անձինք, ինչպես նաև տվյալ պաշտոնյայի հետ համատեղ ապրող ցանկացած անձ: Հաջորդ նորամուծությունը շահերի հայտարարագրման ինստիտուտի ներմուծումն է: Մինչ այսօր պաշտոնյաներից պահանջվել է հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները, շահերի հայտարարագրման մեխանիզմ չկա, ինչը նախատեսվում է ներդնել: Երկրորդ  խոշոր կարգավորումն, ըստ Արփինե Հովհաննիսյանի, Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի ստեղծումն է: Այն նոր Սահմանադրության կարգավորման լույսի ներքո ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականի ապրիլից հետո: «Այս մարմինն առաջինն իրականացնելու է պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգում, դրանց արժանահավատության ստուգում, վերլուծություն, դրանց արդյունքում համապատասխան խախտումների հայտնաբերում: Նման դեպքում վրա է հասնելու պատասխանատվություն: Երկրորդ, այս մարմինը պետք է քննարկի ու վարույթ իրականացնի հետևյալ հարցադրումների հետ կապված՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների հարցերի քննություն և գործադիր իշխանության՝ Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի և իրավիճակային շահերի բախման հարցերը: Այս մարմնին տրված է նաև ազդարարաման իրականացման որոշակի գործիքակազմ»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ այս մարմինն իրավասու է լինելու կիրառել վարչական պատասխանատվություն, իրավասու է լինելու պաշտոնատար անձից պահանջելու լրացուցիչ բացատրություններ, հակառակ դեպքում իր ձեռքի տակ եղած փաստերի համադրմամբ, երբ առկա են հանցագործության մասին հատկանիշներ, այդ մարմինը կարող է դիմել Գլխավոր դեատախազություն: Այս մարմինը քննչական գործառույթներ չի ունենալու: Երրորդ կարգավորումը Ազդարարաման մասին ՀՀ օրենքից է բխում:  Ազդարար է համարվում այն մարդը, որը ֆիզիկական և իրավաբանական անձ է և բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, էթիկայի կանոնների խախտման մասին: Ազդարարաման երեք համակարգ կա՝ ներքին, արտաքին և անանուն: Ներքին ազադարարման դեպքում ազդարարը այս իրավիճակներից որևէ մեկի մասին հայտնում է իր անմիջական վերադասին, հաղորդումը հաշվառվում է, սկսվում է վարույթ: Արտաքին ազդարարաման դեպքում հաղորդումը ներկայացվում է իրավասու մարմնին: Թե ներքին, և արտաքին ազդարարաման ժամանակ պետք է ապահովվի ազդարարի գաղտնիությունը: Անանուն հաղորդում ներակայացնելու դեպքում այն պետք է բավարարա չափով հիմնավորված լինի, վերաբերի կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի, պարունակի տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել: Անբարեխիղճ ազդարարաները օրենքով չեն պաշտպանվի:

Lragir.am
07-06-2017 12:54