Ինչու են ձերբակալում դատավորներին ու դատախազներին

Դատական համակարգում առանձին ձերբակալությունները կոռուպցիայի դեմ պայքարում արդյունք չեն կարող տալ, ոլորտում համակարգային փոփոխություն պետք է իրականացվի: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսայանը: Այսօր ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ խոշոր չափի կաշառքի գործով կալանավորվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, ձերբակալվել է նույն մարզի դատախազը: «Ես չեմ համարում, որ սա կոռուպցիայի դեմ պայքար է: Ես համարում եմ, որ սա անցանկալի դատավորներից ազատվելու միջոցառում է: Պետք է համարգային պայքար լինի, և մենք պետք է տեսնենք և համոզվենք, թե իրոք այդ ձերբակալությունների համար ինչ միտումներ կան: Դատական համակարգը պետք է ամբողջովին փոխվի, ինչի համար քաղաքական կամք է պետք, ինչը չենք տեսնում այսօր»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Ըստ իրավապաշտպանի՝ դատական համակարգում կոռուպցիան համատարած է, և եթե ձերբակալում են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, ապա հարց է ծագում ՝ ինչո՞ւ այդպես էլ կարգապահական վարույթ չհարուցվեց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, ում մասով ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել՝ նշելով նրա անունը: «Այդ դեպքում իշխանությունները ոչ մի քայլ չարեցին, բայց չէ՞ որ հենց Արման Մկրտումյանն է պատասխանատու ամբողջ համակարգի համար: Այնպես որ, ընտրովիության սկզբունք է գործում այստեղ, թե ով է իրենց հավատարիմ»,- նշեց նա: Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա այն չէ, ինչ հանրությունն ակնկալում է: Հանրությունն ակնակալում է, որ Հայաստանում արդարադատություն իրականացվի, իսկ անհատների ձերբակալությունը չի փոխում իրավիճակը: Ոլորտում շարունակում է տիրել նույն իրավիճակը՝ անարդար ու ապօրինի որոշումներ, որոշ դատավորների ամեն ինչ կարելի է, որոշներին՝ ոչ: Մյուս կողմից, ըստ իրավապաշտպանի, նման քայլերով իշխանությունները փորձում են նաև միջազգային հանրությանը ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, որպեսզի միջազգային  կառույցներից ստանան դրա համար ուղղված ֆինանսական միջոցները: «Միևնույն է, այդ փողերը մսխվում են, և կոռուպցիայի դեմ որևէ իրական պայքար այդպես էլ տեղի չի ունենում»,- հավելեց նա: Այս ձերբակալություններից հետո էլ, իրավապաշտպանի կարծիքով, դատական համակարգը շարունակելու է աշխատել նույն ոճով:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
06-06-2017 14:50