Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կխթանեն ՀՀ արտահանումը

06-06-2017 12:53

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն և Հայաստանի արտահանման ահովագրական գործակալությունն այսօր (ՀԱԱԳ) ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը նշեց, որ արտահանման ապահովագրությունը հնարավորություններ է ընձեռելու բանկին ավելի պարզեցված ընթացակարգով իրականացնելու դրամական միջոցների ֆինանսավորում (արտահանման ֆակտորինգ) արտահանող ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ բանկի կողմից առաջարկվող պրոդուկտը նվազագույնի է հասցնելու բանկի և  արտահանողի ռիսկերը, ինչի շնորհիվ բիզնեսը կարող է աճ գրանցել և շարունակել իր գործունեությունը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն էլ նշեց, որ գործակալությունը ստեղծվել է ՀՀ արտահանումը խթանելու առաքելությամբ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի միջոցով կազմակերպությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։ Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկերը՝ պայմանավորված առևտրային (սնանկություն, անվճարունակություն կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում) և քաղաքական (բնական աղետներ, վարչական որոշումներ, առևտրի սահմանափակումներ և այլն) ռիսկերով։ Գործակալության կողմից ներդրված նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությամբ ՀՀ առևտրային բանկերը հնարավորություն են ստանում առանց գրավային ապահովածության իրականացնել արտահանողի վարկավորում՝ ուղղված արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ձեռքբերմանը։ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ իր գործով փորձում է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը, մասնավորապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ` վարկավորելով և որակյալ բանկային ծառայություններ մատուցելով նրանց:

Lragir.am
06-06-2017 12:53