Ինչու է ՊԵԿ-ն ուշացնում իրազեկումը

05-06-2017 12:09

Այս օրերին գրեթե բոլոր հարկատուներն անընդհատ ստուգում են հարկային մարմնի պաշտոնական կայքէջն՝ անհամբերությամբ սպասելով 01.07.17-30.06.18 թթ. հարկային մարմնի կողմից իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրի հրապարակմանը, հասկանալու համար՝ ստուգվելու է արդյոք իրենց կազմակերպությունն ընթացիկ տարում, թե ոչ: Սակայն հարկատուների այս փորձերն ապարդյուն են անցնում, քանի որ մինչ այս պահը հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով դեռևս չի հրապարակել իր կողմից իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը: Բանն այն է, որ ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի 2.1 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկային մարմինը պարտավոր է մինչև յուրաքանչյուր տարվա հունիս ամսի 1-ը հաստատել իր կողմից իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը: Իսկ արդեն նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հարկային մարմինը պարտավոր է նաև ստուգումների տարեկան ծրագրի ընդունումից հետո եռօրյա (ուշադրություն դարձնենք, որ ոչ թե աշխատանքային՝ այլ օրացուցային օրում) ժամկետում պետք է տեղադրի իր պաշտոնական ինտերնետային կայքում: Այսօր, ինչպես գիտենք, հունիս ամսի 1-ին հաջորդող 4-րդ օրացուցային օրն է: Հարկատուների մի մասը կատակով, մյուսները լրջությամբ, որոշներն անգամ վրդովմունքով, այդ թվում նաև սոցիալական կայքերում խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է հարկային մարմնին ևս ենթարկել վարչական պատասխանատվության: Չէ որ հարկային մարմինը բաց չի թողնում հնարավորությունը՝ տուգանելու հարկատուներին այս կամ այն հարկային հաշվետվությունը կամ հարկերի վճարումը թեկուզ և օրենքով սահմանված վերջնաժամկետից մի քանի րոպե ուշացնելու համար: Իսկապես էլ արդարացի չէ: Իհարկե, ծրագրի հրապարակումը մեկ օր շուտ կամ մեկ օր ուշ հրապարակելու արդյունքը հարկատուների համար չի կարող լինել ճակատագրական և աղետալի: Սակայն ակնհայտ է, որ նույն սկզբունքով չի կարող ճակատագրական ու աղետալի լինել որևէ հարկատուի կողմից մեկ օր վաղ կամ մեկ օր ուշ հաշվետվության, հաշվարկի կամ հարկի վճարման կատարումը (այստեղ խոսքը չի գնում հաշվարկ հաշվետվությունների, հարկերի ընդհանրապես չներկայացման ու չվճարման կամ պարբերաբար ուշացման մասին), որին անպայմանորեն հետևում է ՊԵԿ խիստ և ՙսկզբունքային՚ մոտեցումը՝ գտնելու և վարչական տուգանքի ենթարկելու հարկատուներին: Թերևս արդարացի լինելու համար, հարկ է, որ ՊԵԿ-ն նույնքան խստապահանջ լինի նաև իր աշխատակիցների նկատմամբ:

Lragir.am
05-06-2017 12:09