Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում

02-06-2017 16:28

Յունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին` որպես անկախ անդամ ընդգրկելու մասին: Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով և ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ`  Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է: Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան: Ներկայումս Յունիբանկի Խորհրդի կազմը հետևյալն է` Գագիկ Զաքարյան /Խորհրդի նախագահ/,  Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան /Խորհրդի անդամներ/:

Lragir.am
02-06-2017 16:28