ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ճանաչվել է առաջատար փորձ` այլ երկրներում ներդրման նպատակով

01-06-2017 13:30

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձն առաջարկվել է այլ երկրների՝ ներդրման նպատակով:  Առաջիկայում հատուկ այցով Հայաստան կժամանեն ներկայացուցիչներ Թունիսից և Մարոկկոյից՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձի ուսումնասիրության և իրենց երկրներում կանխարգելման մեխանիզմ ներդնելու կամ առկա մեխանիզմը զարգացնելու նպատակով: Ներկայում արդեն իսկ տարվում են այցերի նախապատրաստման աշխատանքներ: Դրանից հետո տեղի կունենան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը Թունիս և Մարոկկո՝ հայաստանյան փորձի ներդրման գործընթացի հետևողականությունն ապահովելու նպատակով:  Այս հարցում հիմք են ընդունվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր սահմանադրական օրենքում տեղ գտած սկզբունքները, որդեգրված նոր աշխատանքային մոտեցումները, ինչպես նաև կիրառվող նոր մեթոդները խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում: Կարևորվել են նաև օրենսդրական նոր լուծումները և նոր սկզբունքներով աշխատանքը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության հարցում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Lragir.am
01-06-2017 13:30