Աշակերտի աչքը վնասած ուսուցչից նյութական վնասի փոխհատուցում է պահանջվում. ՀՔԱՎ

31-05-2017 13:06

2017 թ. մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ուսուցչի գործողությունների արդյունքում աչքը և աչքի տեսողությունը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի գործով նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը: Հիշեցնենք՝ Սևան քաղաքի ավագ դպրոցի տասներեքամյա աշակերտի աչքը վնասվել էր 2014 թ. դեկտեմբերի 9-ին ֆիզիկայի դասաժամի ընթացքում: Հարուցված քրեական գործի շրջանակում ուսուցչուհի Հասմիկ Մագարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-­րդ հոդվածի 1­-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու համար: 2016 թ․ ապրիլի 25­-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատակի չափով տուգանքի ձևով: Տուժողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքից հետո ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է որոշումը և ամբաստանյալ Հասմիկ Մարգարյանից և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, հօգուտ տուժող կողմի, 16․400․000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ հասցված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

Lragir.am
31-05-2017 13:06