Զորակոչիկը տարկետում է ստացել Պաշտպանի առաջարկով անցկացված քննության արդյունքում

31-05-2017 12:47

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ  ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել: Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ պատշաճ բժշկական հետազոտություն անցնելու և զինվորական ծառայության պիտանելիությունը որոշելու հարցերում: Կենտրոնական բժշկական հանձնաժողով կատարած այցելության արդյունքում պարզվել է, որ դիմումատուի մոտ ախտորոշվել է դեղորայքային ալերգիա և ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների սկզբնական նշաններ՝ ձախակողմյան արմատիկային թեթև համախտանիշով: Մեկ այլ բժշկական կենտրոնում դիմումատուն իր նախաձեռնությամբ անցել է մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություն, հայտնաբերվել է ողնաշարի երեք ճողվածք:   Կենտրոնական բժշկական հանձնաժողովում երկրորդ փորձաքննության ժամանակ  հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են դիմումատուի անձնական գործը, մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության ընթացքում հայտնաբերված ողնաշարային ճողվածքների լուսանկարները: Քննարկման արդյունքում դիմումատուն ստացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Lragir.am
31-05-2017 12:47