ՆԱՏՕ-ի սահմանները շուտով հասնելու են Ուկրաինա և Վրաստան. Հայաստանը պետք է գտնի «մոդուս վիվենդին»

14-06-2017 21:10

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հայաստանյան վերջին այցելությունից հետո Հայաստանի լրատվական և փորձագիտական դաշտում ակտիվացել են քննարկումները Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների և ընդհանրապես Հյուսիսատլանտյան դաշինքի գլոբալ ու տարածաշրջանային դերակատարության մասին: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը վերջին օրերին ակտիվ դիվանագիտական աշխատանքով էր զբաղված Երևանում: Հունիսի 12-13-ին նա Երևանում հանդիպել է ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի նախարարի, քաղաքական գործիչների, փորձագետների և լրագրողների հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: – Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Ջեյմս Ապատուրայի այցն ընդհանուր առմամբ և ի՞նչ արդյունքներ եք տեսնում: – Պետք չէ մոռանալ, որ այս տարվա փետրվար ամսին Սերժ Սարգսյանը այցելեց Բրյուսել՝ լինելով նաև ՆԱՏՕ-ի գրասենյակում և հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Պարզ երևում է, որ այդ միտումը կա վերջին մի քանի ամիսներին՝ Հայաստանն ավելի ակտիվ է աշխատում թե՛ Եվրամիության և թե՛ ՆԱՏՕ-ի հետ: Մենք կարող ենք միայն ողջունել դա, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ գրեթե անհնար է ապրել այս տարածաշրջանում և կապել անվտանգությունը միայն մեկ երկրի կամ կազմակերպության հետ: Երբ 2013 թ. Հայաստանը որոշում ընդունեց չստորագրել Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ և անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իշխանություններն ասում էին՝ դա նաև անվտանգության խնդիր է: Բայց ի՞նչ ցույց տվեց ժամանակը: Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ անդամակցությունը ԵԱՏՄ-ին (միաժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է) չփրկեց մեզ. նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը սկսեց պատերազմ մեր դեմ, և մենք ստիպված էինք ինքներս մեզ պաշտպանել: Այսպիսով, ժամանակը ցույց տվեց, որ սխալ են նմանատիպ մոտեցումները, երբ պետության անվտանգությունը, տնտեսությունը կապվում է միայն մեկ կենտրոնի հետ: Կարծում եմ, որ իշխանությունները հասկացան դա, և հենց սա է պատճառը, որ այսօր տեսնում ենք ակտիվացում արևմտյան ուղղությամբ: Իհարկե, ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը անդամակցելու մասին խոսք չկա, բայց համագործակցությունն այս երկու կառույցների հետ կարող է ինտենսիվանալ: – Ամեն դեպքում չենք կարող ասել, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները համարժեք են Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններին: – Այո, չի կարելի համեմատել համագործակցության ծավալը, որակը: Խոսքը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության չափաբաժինը ուժեղացնելու մասին է: Ոչ ոք չի ասում՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը փոխարինել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ: Խոսքը փոխլրացման մասին է: Օրինակ, գիտենք, որ ՆԱՏՕ-ն շատ ու շատ ծրագրեր է իրականացնում՝ կապված անվտանգության մարդկային բաղադրիչի հետ, մասնավորապես՝ օրենսդրության լավացում, բանակի քաղաքացիական վերահսկողություն, հումանիտար ծրագրեր: Մենք չենք անում նման ծրագրեր Ռուսաստանի հետ: Ուրեմն մեկը մյուսին փոխլրացնում են: Նույնը կարելի է ասել խաղաղապահ ուժերի մասին: Դուք գիտեք՝ ինչքան դժվար է խաղաղապահ ուժեր պատրաստելը: Ռուսաստանի հետ էլ կա նման համագործակցություն, բայց բավական փոքր ծավալներով: Հայաստանն այսօր 1000-ից ավելի խաղաղապահներ ունի՝ շնորհիվ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության: Միտքս այն է, որ այդ համագործակցությունը լրացնում է Ռուսաստան-Հայաստան ռազմական համագործակցության բացերը: – Ձեր կարծիքով՝ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է ավելի լոււրջ դեր խաղալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում և կարո՞ղ է արդյոք մեծացնել իր ներկայությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես, եթե Վրաստանը խորացնի իր ինտեգրումը ՆԱՏՕ-ին: – Ես համաձայն եմ նմանատիպ մտքերի հետ, քանի որ ՆԱՏՕ-ն մոտենում է Արևելքին, մոտենում է մեր տարածաշրջանին, և գիտեք, որ մի քանի օր առաջ Չեռնոգորիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Այսօր կարող ենք հստակ ասել, որ Բոսնիա և Հերցեգովինան և Մակեդոնիան ևս մոտ ժամանակներս կմիանան ՆԱՏՕ-ին: Մակեդոնիայի անդամակցության առնչությամբ խնդիր կա Հունաստանի հետ, բայց հիմա այդ խնդիրը լուծվում է: Շատերը չգիտեն սրա մասին: Եթե այս երկրները մտնեն ՆԱՏՕ, ուրեմն բառիս բուն իմաստով, ֆիզիկապես հերթը գալիս է Ուկրաինային և Վրաստանին: Ուրեմն ՆԱՏՕ-ն մոտենում է, սա օբյեկտիվ պրոցես է, ոչ թե արհեստական: Բոլոր երկրները կամավոր որոշում են ընդունում, քանի որ ՆԱՏՕ-ն ավելի վստահելի գործընկեր է: Ի վերջո, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Բոլորս էլ դա հասկանում ենք: – Դուք այդպե՞ս եք կարծում: – Այո, ես կասկած չունեմ: Այսօր Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ի պահանջներին, և կա միայն քաղաքական խնդիր, քանի որ դա ցավոտ է ընդունում Ռուսաստանը: Բայց քանի որ իրադարձություններն այնպես են զարգանում, որ Ռուսաստանը գնալով ավելի շատ է մեկուսանում աշխարհից, ինչ-որ պահից հետո այդ քաղաքական որոշումը կընդունվի ՆԱՏՕ-ի կողմից և դա մոտ ժամանակներում կլինի, ոչ թե 10 տարի հետո: Իսկ Ուկրաինայի խորհրդարանը ի պաշտոնե է որոշել միանալ ՆԱՏՕ-ին: Սա նշանակում է, որ Ուկրաինան անխուսափելիորեն գնում է այդ ճանապարհով, և ստացվում է, որ ՆԱՏՕ-ի սահմանները ոչ միայն Թուրքիայով, այլև Վրաստանով են մոտենում: – Այդ դեպքում սպասո՞ւմ եք կտրուկ արձագանք Ռուսաստանի կողմից: – Այդ վտանգները միշտ էլ կան, բայց Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է: Եթե նույնիսկ ռուսական իշխանություններն ագրեսիվ քաղաքականություն են վարում, բոլորս գիտենք՝ դրա համար պիտի ֆինանսական ռեսուրսներ ունենա: Բայց Ռուսաստանի տնտեսության վիճակը ծանր է, և որքան էլ ասում են՝ նա շատ ռեսուրսներ ունի, չի կարողանալու 10 ճակատով պատերազմ վարել: – Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական տվյալների, Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի՝ սիմվոլիկ թվաքանակով զորքերի դիմաց կանգնած է ռուսական 300 հազարանոց զորք: Սա ինչո՞վ եք բացատրում: – Սա շատ լուրջ ինֆորմացիա է: Ռուսաստանը ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրների սահմանին և Բելառուսում: Այո, դա վտանգ է, բայց ես կասկածում եմ, որ Ռուսաստանը ֆիզիկապես կօգտագործի այդ զորքերը: Պարզապես ՆԱՏՕ-ի սահմանը արդեն կանցնի Ուկրաինայով և Վրաստանով: Այս իմաստով շատ կարևոր է Հայաստանի տեղը: Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից՝ պիտի գտնենք «մոդուս վիվենդին»՝ ինչպե՞ս պահպանենք համագործակցությունը Ռուսաստանի հետ և մյուս կողմից՝ ինչպե՞ս պահպանենք հարաբերությունները Վրաստանի հետ, որն ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այստեղ մենք բարդ վիճակի մեջ կհայտնվենք: Հայաստանը պատրաստվում է նոր համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: Դա կարող է լինել գրեթե առաջին դեպքը, երբ պետությունը միաժամանակ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ է, մյուս կողմից՝ շատ լուրջ պայմանագիր է կնքում Եվրամիության հետ և խորացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Դուք կարող եք ասել՝ նման օրինակ աշխարհում չկա: Կա՛, Ֆինլանդիան է, որը Եվրամիության անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, միաժամանակ պահում է նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Հայաստանը կարող է ստանձնել նմանատիպ դեր մեր տարածաշրջանում: – Ապատուրայն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անհանգստացնում է այն փաստը, որ սպառազինությունների ծավալները Հարավային Կովկասում մեծացել են, իսկ բռնության մակարդակը Ղարաբաղյան հակամարտության գոտում բարձրացել է: Սա ի՞նչ ուղերձ է: – Դա շատ լավ ուղերձ է հօգուտ մեզ: Բոլորս էլ մտահոգված ենք: Բայց Ապատուրայը նաև ասաց մեկ այլ կարևոր բան՝ «մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և կողմ ենք Մինսկի խմբի գործունեությանը»: Սա է գլխավորը: Ի՞նչ ասաց Մինսկի խումբն իր վերջին հայտարարության մեջ. հասցեական քննադատեց Ադրբեջանին: Այսպիսով, ստացվում է՝ ՆԱՏՕ-ն չի ներքաշվում կոնֆլիկտին, և նա չունի այդ մանդատը, բայց աջակցում է Մինսկի խմբի ջանքերին և հայտնում է իր մտահոգությունն այն մասին, որ լարվածությունը հակամարտության գոտում մեծացել է: Եթե նա չնշեր ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակելու մասին, այդ դեպքում կարող էինք այլ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը:

1in.am
14-06-2017 21:10