ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել Տաջիկստանից ներդրողների հետ. Վաչե Գաբրիելյան

14-06-2017 21:03

ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել տաջիկ ներդրողների հետ և անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին: Այս մասին հունիսի 14-ին հայ-տաջիկական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա առանձնացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները: Գաբրիելյանի խոսքով` Հայաստանն ու Տաջիկստանը լավ հնարավորություններ ունեն համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, ոսկերչության, գյուղատնտեսական, ինչպես նաեւ տնտեսության այլ ճյուղերում: «Հայաստանում գործում է մասնավոր ներդրումների պաշտպանության զարգացած օրենսդրություն: Մենք կարևորում ենք երկկողմ համագործակցությունը: ՀՀ կառավարությունը պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի»,-նշեց ՀՀ փոխվարչապետը` հույս հայտնելով, որ շատ ներդրողներ համաժողովի միջոցով կկարողանան բացահայտել Հայաստանը տնտեսական համագործակցության ներուժի առումով։ Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդայի խոսքով` գործարար համաժողովը լավ հնարավորություն է երկու երկրների ունեցած մեծ ներուժը զարգացնելու համար: Նրա խոսքով` երկու երկրների նախագահների կապերը կարող են տնտեսական համագործակցության դրական տեղաշարժի առիթ դառնալ: «Մենք հետաքրքրված ենք երկու երկրների միջև կապերի զարգացմամբ: Մեծ հնարավորություններ ունենք համատեղ արտադրության ստեղծման, որակյալ ապրանքների արտադրության, ինչպես նաև դրանք եվրոպական և ասիական երկրների շուկաներ արտահանելու համար: Անկասկած Հայաստանը համարվում է Տաջիկստանի հուսալի գործընկերը, և մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել երկու երկրների հետագա համագործակցության խորացման ուղղությամբ», – ընդգծեց նա:

1in.am
14-06-2017 21:03