«Սասնա ծռերի» նկատմամբ խրախուսական նորմեր են կիրառվել․ ուշագրավ մանրամասներ

15-06-2017 11:00

Անցյալ տարի «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ամբողջ ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները խոսում էին այն մասին, որ եթե խմբի անդամները վայր դնեն զենքերը, կամովին հանձնեն պատանդներին և ազատեն գնդի տարածքը, ապա նշված պայմանները կատարելու դեպքում զինված խմբի անդամները կօգտվեին օրենսդրությամբ նախատեսված խրախուսական նորմերից. կմեղմվեր նրանց քրեական պատասխանատվության չափը կամ որոշ դեպքերում նրանք կազատվեին քրեական պատասխանատվությունից: «Այն անձինք, որոնք ապօրինի զենք-զինամթերքով են գտնվում այնտեղ, եթե պատանդներին բաց թողնեն, պատասխանատվության կենթարկվեն առավելագույնը ապօրինի զենք- զինամթերք պահելու համար: Մյուս երկու արարքների համար ընդհանրապես որևէ պատասխանատվության չեն ենթարկվի»,- անցած տարի ընդգծել էր գլխավոր դատախազը: Այսօր, երբ մեղադրանքները հաստատված են և գործն արդեն դատարանում է, պարզ է դառնում, որ խրախուսական նորմերը ոչ ամբողջությամբ են կիրառվել, կամ ավելի ճիշտ՝ կիրառվել են ընտրողաբար: «Սասնա ծռերին» երկու հանցանքում են մեղադրում: Սկզբում մեղադրում էին գունդը գրավելուց հետո ոստիկան պատանդներ պահելու համար: Հետո, երբ ոստիկան պատանդները ազատ արձակվեցին, «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառվեց խրախուսման նորմը, և նրանց նկատմամբ ոստիկան պատանդներ պահելու համար մեղադրանք չառաջադրվեց: Բայց ինչն է զավեշտալի, ով որ մեղադրվում էր պատանդ վերցնելու մեջ, նրանց վրա չդրվեց այդ մեղադրանքը, կիրառվեց խրախուսական նորմը, սակայն այդ մեղադրանքը որպես օժանդակող դրվեց Կարո Եղնուկյանի վրա: Դրա համար Կարո Եղնուկյանը մինչև հիմա կալանավորված է այդ անհեթեթության հիման վրա: Այսինքն՝ խրախուսման նորմը կիրառվեց «Սասնա ծռերից» մեծամասնության վրա, բայց ոչ օժանդակողների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն: Հաջորդ հոդվածը, որով մեղադրվում էին «Սասնա ծռերը»՝ շենք շինություն գրավելն ու պահելն է: Այս մասով էլ «Սասնա ծռերից» 21 հոգու նկատմամբ այս հոդվածով մեղադրանք չառաջադրվեց: Խոսքը նրանց մասին է, ովքեր ՊՊԾ գնդի գրավման վերջին օրը զենքերը վայր դրեցին և հանձնվեցին: Նրանց նկատմամբ ևս կիրառվելէ խրախուսական նորմ և շենք շինություններ զավթելու մասով մեղադրանք չդրվեց, քանի որ նրանք հոժարակամ հանձնվեցին: Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ այստեղ ևս զավեշտալի մաս կա, քանի որ կրկին նորմը կիրառվել է հայեցողաբար: Վարուժան Ավետիսյանի և մյուսների մասով չի կիրառվել, բայց Կարո Եղնուկյանի վրա դրվել է այդ հոդվածը, որպես օժանդակողի: «Այսինքն՝ Եղնուկյանի վրա կիրառվել է և՛ 218, և՛ 219 հոդվածները: Խրախուսական նորմերից օգտվել են «Սասնա ծռերի» տղաները, բայց Եղնուկյանը չի կարողացել օգտվել: Այսինքն՝ խրախուսանքի նորմը լիարժեքորեն չի կիրառվել: Եթե կիրառվեր, ապա որևէ մեկին չպետք է մեղադրանք առաջադրվեր շենք-շինություններ զավթելու մեջ, քանի որ այդ շենք-շինությունները հանձնվել են, իսկ գրավողները հրաժարվել են իրենց պահանջներից»,- նկատեց փաստաբանը: Նրա խոսքերով՝ խրախուսական նորմերը չեն կիրառվել նրանց նկատմամբ, «ում բախտը չի բերել և ընթացքում հրազենային վիրավորում ստանալով դուրս է բերվել ՊՊԾ գնդի տարածքից»: «Այսինքն՝ անձի բախտը չի բերել, որ իշխանության ներկայացուցիչներն իր վրա կրակել են, դրան էլ գումարած՝ 219 հոդված են դրել, որը 8-15 տարի պատժաչափ է սահմանում: Սա զավեշտալի է: Չի կարելի օրենքը կիրառել ձեռի հետ, մոտավորապես, ընտրողաբար: Օրենքի կիրառումը պետք է տրամաբանություն ունենա: Քաղաքացին պետք է հասկանա, ինչու է մի դեպքում կիրառվում, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Իսկ այս դեպքում տրամաբանություն չկա: Մինչդեռ խրախուսանքի նորմը նրա համար է, որ արարք կատարողը ցանկացած պահի հրաժարվի արարքը մինչև վերջ կատարելու հնարավորությունից: Եթե անձը որոշել է մարդ սպանել, զենք է ձեռք բերել, պլանավորել է և նշան է պահել, բայց վերջին պահին զղջացել է իր արարքի համար և չի կրակել, ապա ինքն ազատվում է քրեական պատասխանատվությունից սպանության համար: Սա քրեական իրավունքի հիմնասյուներից մեկն է, որը մեր նախաքննական մարմնի կողմից, թեթև ձեռքով, անտեսվում է»,- եզրափակեց փաստաբանը:   Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

1in.am
15-06-2017 11:00