Շուտով «Մատաղիսի» գործով խոշտանգումների մասով նոր քննություն կսկսվի

15-06-2017 17:30

Առաջիկայում Հատուկ քննչական ծառայությունում կվերսկսվի Մատաղիսի գործով խոշտանգումների մասով գործի քննությունը: «Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործի վերաբացման համար դիմում ներկայացրած Արայիկ Զալյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Զալյանի ներկայացրած դիմումը, որով նա խնդրել էր պարտավորեցնել նախաքննական մարմնին խոշտանգումների մասով նոր քննություն սկսել: «2016 թվականին ՄԻԵԴ որոշումից հետո ես դիմել էի վճռաբեկ դատարան՝ վերանայման վարույթ հարուցելու պահանջով: Գործը վերանայվեց, դիմումը բավարարվեց, բեկանվեց վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվեց առաջին ատյան՝ նոր քննության: Հիմա էլ առաջին ատյանը բավարարեց մեր՝ դեռևս 2005 թվականից ներկայացրած դիմումը և գործը ուղարկեց նոր քննության: Այսինքն՝ շուտով խոշտանգումների մասով նոր քննություն է սկսվելու»,- ասաց Զալյանը՝ հավելելով, որ որևէ վստահություն չկա, որ գործով արդարացի քննություն կլինի, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: «Որևէ վստահություն չկա, բայց, այնուամենայնիվ, պետք է դիմել, ընթացակարգերը պահել, որպեսզի հնարավոր լինի հետագայում ՄԻԵԴ դիմել»,- հավելեց Զալյանը: Հիշեցնենք, որ անցած տարի մարտ ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մատաղիսի գործով կայացրեց վճիռ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվեց 50 հազար եվրո վճարել Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Հիշեցնենք նաև, որ 2004թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը: Ի տարբերություն Ա. Զալյանի և Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր և երկու ծառայակիցների մեղքը: 2005թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա ցմահ ազատազրկման և ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի: 2012թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Սակայն մինչ արդարացումը նրանք գանգատ էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Զալյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը Եվրոպական դատարանը, սակայն, բավարարել է մասնակի. Եվրադատարանը թեև ապացույցների անբավարարության պատճառով չէր հայտնաբերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի արգելման մասով, սակայն արձանագրել է, որ խախտում է տեղի ունեցել խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ բողոքների արդյունավետ քննության պահանջի մասով: Այսքանից հետո էլ, սակայն, մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել երեք զինծառայողներին երեք ամիս Ռազմական ոստիկանությունում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար: Ավելին, այս գործով քննիչ Արմեն Հակոբյանը դրանից հետո զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ և ներկայումս ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն է: Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասով ՄԻԵԴ-ն ապացուցված չհամարեց կոնվենցիայի խախտումների փաստը, քանի որ Հայաստանում այդ ժամանակ խոշտանգումների փաստը չի քննվել. «Եթե ինչ-որ մեկը ենթարկվում է խոշտանգումների, ինքը հնարավորություն չունի հավաքելու ապացույցներ իր խոշտանգումների վերաբերյալ: Այստեղ պետության վրա է դրվում պարտավորությունը: Խոշտանգումների վերաբերյալ բողոքները շատ են, ու քանի որ դրանց քննությունը արդյունավետ չի եղել, ամենքին շատ մեծ փոխհատուցումներ են տրվել»:

1in.am
15-06-2017 17:30