ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորել առանց արտաքին միջամտության. Լուկաշենկո

15-06-2017 18:18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է լուծել առանց արտաքին միջամտության: Belta բելառուսական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ: «Ցանկալի է, որ մեր խնդիրներն ինքներս լուծենք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում, որպեսզի այլ երկրների, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը չլինի: Մենք առավել ևս կարող ենք լուծել այդ խնդիրները Ղարաբաղում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Սրանք մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք առանց արտաքին միջամտության»,- ասել է Լուկաշենկոն: Նա կարծիք է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր ապահովել ազգային շահերի պաշտպանությունը: Նրա խոսքով՝ այս հարցում շատ բան կախված է անվտանգության խորհրդի քարտուղարներից:

1in.am
15-06-2017 18:18