Ահա թե ինչու իշխանությունը հրապարակավ չի արձագանքի 8 միլիարդին

16-06-2017 18:15

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին ԱՄՆ դեսպանի օրերս արած հայտարարությանը, ասել է, թե Հայաստանի իշխանությունը չէր կարող ուշադրության չարժանացնել այդ հայտարարությունը, և վստահ է, որ այժմ այն մասնագետների մանրամասն ուսումնասիրության առարկան է: Աշոտյանն այդպիսով «Առավոտի» հետ զրույցում փորձում է պատասխանել հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունը առ այսօր չարձագանքեց ԱՄՆ դեսպանի հայտարարությանը: Պարզվում է՝ հարցն ուսումնասիրում են մասնագետները: Այն, որ մասնագետների ուսումնասիրությունը անհրաժեշտ է և կարևոր, ու չի կարող լինել առանց դրա՝ կասկածից վեր է: Սակայն ամբողջ խնդիրը այն է, որ 8 միլիարդ դոլարի հեռանկարի մասին հայտարարությունը, այն էլ՝ դեսպանի, ոչ թե որևէ ներդրողի կամ տնտեսագետի շուրթերից, առաջին հերթին քաղաքական հայտարարություն է: Հետևաբար մասնագետների հաշվարկը և ուսումնասիրությունները ունեն իրենց տեղը, իսկ իշխանության քաղաքական արձագանքը՝ իր տեղը: Մեկը մյուսին լրացնում են, ոչ թե հակասում: Բայց մասնագետների ուսումնասիրություն փաստորեն կա, իսկ իշխանության քաղաքական արձագանք՝ ոչ: Առավել ևս, որ մասնագետների ուսումնասիրություն պետք է ներկայացներ երևի թե հենց ամերիկյան կողմը, և հայկական կողմից պահանջվում էր գուցե ավելի քիչ բան՝ արագ արձագանք դեսպանին, թե՝ ասել եք, դե եկեք քննարկենք, մենք պատրաստ ենք, ասեք, թե ինչ ենք անում, որտեղ և այլն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ գնալ այդպիսի պատասխանատու քաղաքական արձագանքի: Եվ բանն այստեղ ամենևին էլ այն չէ, որ, օրինակ, Մոսկվան կարող է խանդել, որ «Գազպրոմը» կարող է սաստել և այլն: Դա, իհարկե, կա, բայց առանցքայինն այն է, որ երբ Հայաստանի իշխանությունը հրապարակավ հայտնի պատրաստակամություն և ասի՝ դե եկեք խոսենք, մենք պատրաստ ենք, ամերիկյան կողմը կգա և նույնպես հրապարակավ կխոսի՝ ներկայացնելով շատ պարզ, մասնագիտական, թղթաբանական հաշվարկներ և ուսումնասիրություններ չպահանջող մի բան՝ կատարել քայլեր հավասար մրցակցության, իրավական պաշտպանվածության ուղղությամբ, այս, այս և այս պարզ քայլերը: Ընդ որում, քայլեր, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, ոչ թե «ներքին գործերի միջամտություն» են: Եվ կպարզվի, որ ամերիկյան կողմը 8 միլիարդի համար պատասխան ունի՝ չէր կարող պատասխան չունենալ 8 միլիարդի համար մի կողմ, որը անցնող 25 տարում միայն 2,5 միլիարդ դոլար նվիրել է Հայաստանին՝ այն դեպքում, երբ ռազմավարական դաշնակիցը գույք է տարել 100 միլիոն պատքի դիմաց, 300 միլիոն պարտքի դիմաց: Կպարզվի, որ ազատ, մրցակցային պայմանների հարցում պատասխան չունի Հայաստանի իշխանությունը: Այդ իսկ պատճառով մենք չենք տեսնում և չենք տեսնի հրապարակային հստակ արձագանք: 8 միլիարդը միայն ռուսական ազդեցությանը կամ ռուսական նավթագազային բիզնեսի շահերին չէ, որ Հայաստանում կարող է հարվածել: 8 միլիարդը տարեցտարի կարող է Հայաստանի տնտեսության կառուցվածքը փոխել, հետևաբար փոխել հասարակական կառուցվածք, ձևավորել միջին խավը, հանրությանն ազատել քրեաօլիգարխիկ կախվածությունից: Դրա քաղաքական հետևանքները կլինեն այն, որ քրեաօլիգարխիկ իշխանությունը մի քանի տարի անց կա՛մ ստիպված կլինի տեղի տալ սոցիալապես անկախ հասարակությանը և թողնել իշխանությունը՝ չկարողանալով այն գնել 10 հազար դրամներով, կա՛մ ստիպված կլինի վերադառնալ ավտոմատով ընտրություններին, որը 15-20 տարի առաջ հնարավոր էր, իսկ այժմ իրավիճակը, մեղմ ասած, հարաբերական է:

1in.am
16-06-2017 18:15