Վահան Շիրխանյանին հետաքրքրում էր դատավորի առնչությունը Դաշնակցության հետ. Pastinfo.am

16-06-2017 21:11

Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ այսօրվա դատական նիստում վերջապես սկսվեց դատավարությունը, սակայն դատաքննությունը դեռևս չսկսվեց: Այսպես, մինչև աշխատանքային օրվա ավարտը տևած նիստում դատարանը հասցրեց քննարկել ու լուծում տալ դատարանին հայտնված մեկ ինքնաբացարկի և գործով երկու փաստաբանի վարույթից հեռացնելու միջնորդություններին: Երկու միջնորդություններն էլ ներկայացվեցին ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի կողմից: Հայկ Ալումյանը դատարանին՝ գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյան, ներկայացված, դեռևս հինգ ամիս առաջ կազմած, սակայն դատական նիստերի չկայացման պատճառով չներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ ներառել էր ինքնաբացարկի նոր հիմքեր ևս: Մասնավորապես, ըստ պաշտպանի, ուղեկցողներն այսօր իր պաշտպանյալին դատարանի դահլիճ առանց սայլակի տեղափոխելու կարգադրություն են ունեցել դատարանից: Պաշտպանը հիշատակեց անցյալ դատական նիստին դատավորի հնչեցրած բառերը՝ ես կպարզեմ, թե ինչո՛ւ է Վահան Շիրխանյանը դատարան բերվել սայլակով: Փաստաբանն ընդգծեց, որ առանց սայլակի բերվելու հետևանքով իր պաշտպանյալը մեջքի շրջանում սաստիկ ցավեր է ունեցել: Հայկ Ալումյանը դժգոհություն հայտնեց, որ այսօր դատական նիստը երեսուն րոպեով ընդմիջվելուց հետո պաշտպաններին «հարկադրաբար հանել են դահլիճից՝ առանց որևէ տեսանելի պատճառի»: Պաշտպանը դա գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք իրենց հանդեպ՝ հավելելով, որ հարգանքը պետք է լինի երկկողմանի: Որպես ինքնաբացարկի միջնորդության հիմք պաշտպանը նշեց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքի մասին դատարանի որոշումը: Ըստ Հայկ Ալումյանի, այդ որոշումը կոնկրետ դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում քննվող սույն գործի շահերից չէր բխում, այլ՝ սույն գործից առանձնացված գործի նախաքննության շահերից: Մեղադրող Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է: Դատարանը մերժեց ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Դատարանին ինքնաբացարկ հայտնելու-չհայտնելու հարցում կողմորոշվելու համար ճշտող հարցեր ուներ Վահան Շիրխանյանը: Մասնավորապես՝ Դաշնակցության հետ կապ ունե՞ք հարցին դատավորը պատասխանեց՝ իհարկե ոչ: Նա հայտնեց, որ մասնակցել է արցախյան ազատամարտին առաջին վաշտի կազմում: Իր հերթին Վահան Շիրխանյանը պարզաբանեց, որ ինքը Դաշնակցության ներկայացուցիչների դեմ 31-ի աղմկահարույց գործի շրջանակում եղել է լիկվիդացիայի ենթակա անձ, այդ իսկ պատճառով է կարևոր այդ հարցը պարզելը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

1in.am
16-06-2017 21:11