Մեր համակարգի վտանգավոր ճեղքերը

16-06-2017 21:30

Ստեփանակերտում մեկնարկել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը` Հայաստանի և Արցախի շուրջ երկու տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման ֆորումները, որոնք ըստ էության իրական և ինստիտուցիոնալ քաղաքականության բացակայությունից առաջացած վակուումը լցնելու նպատակ ունեն, գործնական առումով որևէ դեր չունեն երկու հայկական հանրապետությունների ներքին կյանքում, առավել ևս՝ ԼՂ կարգավորման գործընթացում: Երբ քաղաքական համակարգն ինքն է օտարված հասարակությունից, ապա չի կարող Արցախի հարցում համազգային միասնության ազդակ հաղորդել, եթե նույնիսկ ֆորումն ավարտվի իդեալական բանաձևի կամ հայտարարության ընդունմամբ: Նման տեքստերը վաղուց չեն ազդում անգամ մեր հասարակության վրա, էլ ուր մնաց զսպեն Ադրբեջանի ռազմատենչությունը կամ սրբագրեն միջազգային կառույցների քաղաքականությունը: Այսօրվա ֆորումից միակ պրակտիկ օգուտը ստանալու է Արցախի սպասարկման ոլորտը, որովհետև Երևանից ժամանած մի քանի տասնյակ մարդ Ստեփանակերտում մի քանի օր փող են ծախսելու: Դա արդեն լավ է, միևնույն է՝ այս ֆորումից այլ բան հնարավոր չէ ակնկալել: Մյուս կողմից՝ մեր պետական, քաղաքական համակարգերի որակը մտահոգության առիթ է տալիս, որովհետև դրանց ճեղքերը կարող են խրախուսել նույն Ադրբեջանին: Օրինակ՝ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Ադրբեջանում կարող են պատրանքներ ունենալ այն հանգամանքից, որ հաջորդ տարի կառավարման փոփոխությունը Հայաստանում գուցե անկայունություն առաջացնի: «Վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետև Հայաստանն ապակայունացել է և թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ»,- ասել է Կիրակոսյանը: Վերջինս ակադեմիական մտածողություն ունի և օգտագործում է դրան բնորոշ ձևակերպումներ: Իրականում խնդիրը ո՛չ Ադրբեջանի պատրանքներն են, ոչ էլ Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարման, այլ այն, որ երկրում տեղի ունեցող համակարգային տրանսֆորմացիան իսկապես անկայունության օջախ է: Սերժ Սարգսյանը շանս ուներ ռիսկերը չեզոքացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ համակարգի բացվածության խնդիրը լուծելով: Բայց նա գերադասեց ոչ թե չեզոքացնել, այլ կոնսերվացնել այն ռիսկերը, որոնք դրված են համակարգի հիմքում և կարող են մի օր լարվածության առիթ ստեղծել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև կարգավորման գործընթացում՝ Ադրբեջանի ախորժակը մեծացնելու իմաստով: Այդ ռիսկերը գլուխ կբարձրացնեն, եթե 2018-ի ապրիլին համակարգի ներսում կոնսենսուս չձևավորվի իշխանության հարցում: Վտանգ այդ ժամանակ կարող է առաջանալ, որովհետև մեր էլիտա կոչվածն այնքան որկրամոլ և ընչաքաղց է, որ պաշտոնակռվի գործընթացում կարող է մոռանալ անգամ Ղարաբաղի մասին: Սա է մեր համակարգի հիմնական ճեղքը, որը կարող է օգտագործվել հակառակորդի կողմից:

1in.am
16-06-2017 21:30