Իրան է ժամանել Իրաքի վարչապետը

20-06-2017 23:11

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին երեքշաբթի ժամանել է Թեհրան` բանակցություններ վարելու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների հետ: Ինչպես ընդգծում է Press TV-ն՝ ուղևորությունն Իրան հաջորդել է Սաուդյան Արաբիա կատարած այցին: Իրաքցի վարչապետին օդանավակայանում դիմավորել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին: Պաշտոնական ընդունելությանն անմիջապես հաջորդել են պաշտոնյաների բանակցությունները, որոնք ուղղված են եղել Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունների բարելավմանն ու միջինարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Ջահանգիրին և Աբադին նաև համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել: Իրաքցի վարչապետը նշել է, որ կողմերն ընդգծել են փոխադարձ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև շեշտել է, որ երկու երկիրը պետք է ուժեղացնի համատեղ պայքարն ահաբեկչության դեմ:

1in.am
20-06-2017 23:11