ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են. արտոնյալ են միայն բելառուսները. ՀԺ

21-06-2017 09:48

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին օրենքում և «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար: ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ին, որի հետևանքով ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունենալը բավարար չէ ՌԴ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ, տաքսի վարելու համար պետք է քաղաքացին անպայման ունենա ռուսական վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում տաքսի ծառայությունը մատուցող ընկերությանը տուգանում են 50 հազար ռուբլու չափով: Սակայն նույն քաղաքացին առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի (իր երկրի վարորդական իրավունքի վկայականով) իր ընտանիքի անդամներին կարող է անձնական մեքենայով անարգել տեղափոխել: «Չնայած ներքին հրահանգ կա, որ ռեյդեր չիրականացվեն, համատարած չանեն դա, բայցևայնպես մարդկանց ևս տուգանում են»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են եղել դեռևս 2013 թվականին ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո: 2013 թվականից հետո ամեն տարի մեկ տարով հետաձգվել է օրենքը ուժի մեջ մտնելու դրույթը, սակայն այս տարի մտել է ուժի մեջ: Հայ վարորդը նկատում է, որ Բելառուսի քաղաքացիների դեպքում օրենքը վերանայվել է, քանի որ Բելառուսի կառավարության անդամները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որն էլ Բելառուսի քաղաքացիների մասով օրենքի գործածությունը կասեցրել է: «Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ո՛չ Արա Աբրահամյանը՝ իր Համաշխարհային հայկական կոնգրեսով ոչ մի բան չեն ձեռնարկում»,- հուսահատ ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարծում են, որ միայն դիվանագիտական մակարդակով հնարավոր կլինի խնդիրը լուծել: Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ ՌԴ-ում տաքսի վարելու համար հարկավոր է առնվազն երկու տարվա վարորդական փորձ: Բայց եթե մարդիկ գնան ավտոդպրոց, քննություն հանձնեն ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ապա իրենց ստաժը հաշվարկվելու է վարորդական իրավունքի վկայական ստանալու օրվանից սկսած: Դա նշանակում է, որ մարդիկ երկու տարի չեն կարողանալու տաքսի վարել, ասել է թե`օրվա հացի խնդիր լուծել: Մինչ 2017 թվականի հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիներն իրենց ներպետական վարորդական իրավունքի վկայականով անարգել տնտեսական գործունեություն են ծավալել ՌԴ-ում: 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
21-06-2017 09:48