Սպասում են արտահանձմանը. Հրաչյա Հարությունյանի հարազատներն անհամբեր են

21-06-2017 10:30

Հրաչյա Հարությունյանի հարազատները անհամբեր սպասում են նրա արտահանձնմանը: Նրանք էլ են ռուսական լրատվամիջոցներից տեղեկացել, որ այս շաբաթվա մեջ Հարությունյանին կարտահանձնեն Հայաստան: Իսկ թե կոնկրետ երբ՝ ոչ ոք չգիտի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Հարությունյանի ազգականները: Հիշեցնենք, որ «ՌուսԱրմԻնֆո»-ն նախօրեին գրել էր. «Սպասվում է, որ Հարությունյանի արտահանձնումը տեղի կունենա առաջիկա օրերին, ենթադրվում է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»։ Գործակալության տեղեկության համաձայն՝ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին ՀՀ քաղաքացու արտահանձնմանը, ամբողջովին իրականացվել են։ Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում կայացել էր Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու գործով դատական նիստ, որի ժամանակ վերջնականապես հստակեցվել էին նրա տեղափոխման հարցերը: «Մենք էլ ենք կարդացել այն, ինչ դուք, լրացուցիչ տեղեկություններ չունենք: Սպասում ենք»,- ասաց Հարությունայնի աները: Արդարադատության նախարարությունից ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ դեռ հստակ ոչ մի բան չկա. սպասում են արտահանձնմանը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:

1in.am
21-06-2017 10:30