Հրազդանի քաղաքապետը փորձում է «փակել տուժողի բերանը»

21-06-2017 10:51

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս օրերին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը ակտիվ բանակցությունների մեջ է օրեր առաջ իր անչափահաս որդու կողմից վթարի ենթարկված, և հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացածի ընտանիքի հետ: Քաղաքապետը փորձում է փրկել որդուն, որին առանց այդ էլ հաջողացրեց հետ պահել կալանավորումից: Մեզ պատմեցին, որ քաղաքապետը հնարավոր ճանապարհներ և տարբերակներ է փորձում առաջարկել տուժածի ընտանիքին, որպեսզի բողոք չներկայացնեն և որդու պատիժը մեղմ լինի: Քաղաքապետի հիմնական արդարացումն այն է, թե «որդին անչափահաս է, պետք չէ նրա կյանքը կործանել, ամեն բան դեռ արջևում է, ինչ եղել, արդեն եղել է, ոչինչ հետ չես բերի»: Դեռ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում են որդեգրել տուժող կողմի հարազատները: Նրանք որևէ մեկի հետ կոնտակտի դուրս չեն գալիս և առայժմ լռում են: Սակայն դեռ վաղ է ասել, որ քաղաքապետին հաջողվել է «փակել տուժող կողմի բերանը»: Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի փաստաբան Հայկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ մի ինֆորմացիա հայտնի չէ այդ բանակցությունների մասին: «Ես որևէ նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասաց Սարգսյանը: Ինչ վերաբերում է գործի քննությանը, փաստաբանն ասաց, որ ոչ մի նորություն չկա: Նախաքննություն է ընթանում: «Ոչ մի նոր բան չկա: Ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքից հետո հոգեբանական ծանր վիճակում գտնվելու պատճառով Ռազմիկ Դանիելյանը բժշկի է դիմել, ովքեր փորձում են կայունացնել նրա վիճակը: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական՝ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Դանիելյանը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Ռազմիկ Դանիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

1in.am
21-06-2017 10:51