«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը հեռացվեց նիստերի դահլիճից. նիստն ընդմիջվեց

21-06-2017 15:03

«Սասնա ծռերի» գործով 14 մեղադրյալների մասով դատաքննությունը դեռևս չի մտնում բնականոն փուլի մեջ։ Այսօրվա երկրորդ փորձից դատարանն սկսեց դատական նիստը և նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին ծանոթացրեց դատարանի հանդեպ հարգալից վերաբերմունքի սկզբունքներին և դրանից բխող պարտականություններին, ապա անդրադարձավ փաստաբանների՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ նորմալ աշխատանքային պայմաններ ու դատավարության հրապարակայնությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ եւ պարզաբանեց, որ հենց այդ հայտարարությունը նկատի ունենալով՝ դատական նիստերը տեղի կունենան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում։ Դատավորը նիստում փորձեց ճշտել նաև, թե արդյոք կողմերը դատարանին բացարկ ունեն, թեև ոչ բոլոր մասնակիցներ էին ներկա նիստին։ Մասնավորապես՝ ներկա չէր ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ինչևէ, ինքնաբացարակի միջնորդության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ իրենք արդեն բացարկ հայտնել են ամբողջ դատական համակարգին, «հանցավոր» ռեժիմին, որը չի ընդունվում, ուստի՝ իրենք առանձին դատավորի կամ դատարանի դեմ բացարկ հայտնելու մտադրություն չունեն։ Pastinfo-ի հաղորդմամբ՝ տեղից խոսելու համար նրա նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա և 6 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից։ Դատական նիստի ժամանակ սկզբնապես լսվում էր միայն դատավորի՝ Արտուշ Գաբիրելյանի ձայնը, իսկ ամբաստանյալների հայտարարությունները՝ ոչ, ինչը հարուցեց դահլիճի դժգոհությունը, սակայն ավելի ուշ միացվեցին նաև մյուս բարձրախոսները։ Կարծես կարգավորվել էր նաև փաստաբանների զննության խնդիրը. եթե առավոտյան փաստաբաններն ահազանգում էին, որ դատական կարգադրիչները զննության անվան տակ խուզարկում են փաստաբաններին, ապա ընդմիջումից հետո վերսկսված նիստում նման բողոքներ չարձանագրվեցին։ Այս պահին նորից դատարանում ընդմիջում է։   Լուսանկարը՝  Photolure-ի

1in.am
21-06-2017 15:03