Պետք է հանդիպեն, խոսեն ու «քուչի բազարն» ավարտեն. Թևան Պողոսյանը՝ ՀՀԿ-ին և դեսպան Սվիտալսկուն

21-06-2017 16:24

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։ – Պարոն Պողոսյան, Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու և իշխանությունների հեռակա բանավեճն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Շատերը նշում են, որ իշխանությունները սա միտումնավոր արեցին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրելու համար։ – Իմ պատկերացմամբ՝ դեսպանը պարկեշտ ձևով կատարում է իր պարտականությունները։ Անում է ամեն ինչ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգանան, ընդլայնվեն և խորանան, ինչը, իմ պատկերացմամբ, բխում է նաև Հայաստանի շահերից։ Այն, որ հիմա քննարկվում է, թե այս ամենը միտված է  փաստաթուղթը չստորագրելուն, կարծում եմ՝ արհեստական  է։ Ես  կարող եմ ընդունել քաղաքական բանավեճ Սվիտալսկու և Դավիթ Հարությունյանի միջև, նրանք եղել են բանակցող կողմեր և գտել են միջոցներ ու մեխանիզմներ ընտրական համակարգի առնվազն քվեարկության արդյունքներն ավելի արդար բարեփոխելու համար։ Այն բարեփոխումները, որ ունեցանք, առաջընթաց է մեզ համար,  և պետք է շնորհակալություն հայտնենք թե՛ Սվիտալսկուն և թե՛ Դավիթ Հարությունյանին արդյունավետ աշխատանքի համար։  Դրա համար այս բանավեճը քաղաքական կհամարեի, բայց այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ավելի շատ  ինձ հիշեցնում էր «քուչի» կռվի մոտեցում, երբ փողոցն ամբողջությամբ հարձակվում է մեկի վրա։ Մնացածի հարձակումներն ինձ վրա «քուչի կռվի» տպավորություն են  թողնում, ինչն անընդունելի է։ Այս ամենը ձևավորել է մի իրավիճակ, որ իսկապես հանրության մեջ, սրճարաններում նստած մարդիկ կարող են տպավորություն ունենալ, որ սա անում են պայմանագիրը չստորագրելու համար։ Ես չեմ հավատում, որ այս տեսակ  օրակարգ կա։ Վստահ եմ, որ երկու կողմն էլ գիտակցել են սեպտեմբերի 3-ից եկած սխալները, բանակցել են երկու կողմերի շահերից ելնելով և անելու են ամեն ինչ, որ պայմանագիրը ստորագրվի։ Հայաստանում և Եվրամիությունում գիտակցում են, որ երկրորդ անգամ նմանատիպ հետկանգնումը անթույլատրելի է։ Կստացվի, որ նույն Եվրամիությունն էլ է ներգրավվել մի բանակցության մեջ, որը չի կարողանում տեղ հասցնել։ Դրանից ելնելով՝ ինձ թվում է, որ արհեստածին, պրիմիտիվ խոսակցություններ են, հավատում եմ, որ պայմանագիրն անպայման կստորագրվի։ Մենք հիմա պետք է կենտրոնանանք, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացվեն մեր երկրի հզորացման համար։ Ես հասկանում եմ, որ գուցե Դավիթ Հարությունյանը չէր հասցրել նյութին ամբողջությամբ ծանոթանալ և, լրագրողի հարցը լսելով, նման կերպ է պատասխանել, բայց Սվիտալսկին որևէ նոր բան չի ասել՝ ասել է  այն, ինչի մասին բարձրաձայնել են թե՛ ընդդիմության, թե՛ քաղհասարակության և թե՛ փորձագիտական դաշտի ներկայացուցիչները։ – Կարծում եք՝ Դավիթ Հարությունյանը առանց Սերժ Սարգսյանի  իմացության կարո՞ղ էր նման կոշտ արձագանք հնչեցնել։ – Ուզում եք  ասել՝ կառավարության նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը «սմս» է գրել Դավիթ Հարությունյանին կամ «վայբերով» ասել, թե ի՞նչ պատասխանի։ Նա կառավարության նիստից հետո մոտեցել է լրագրողներին ու այլ հարցերին պատասխանելուց հետո անդրադարձել նաև այդ  հարցին։ Այնպես չէ, որ  եկել էր միայն դրա մասին խոսելու։ – Իսկ ՀՀԿ մյուս ներկայացուցիչները առանց Սարգսյանի թույլտվությա՞ն են նման կերպ պատասխանում։ – Ես ասացի, որ մնացածի ներգրավումը ինձ վրա թողնում է «քուչի կռվի» տպավորություն։ Այլ բան չեմ ուզում մեկնաբանել։ – Նշեցիք, թե լիահույս եք, որ նախաստորագրված փաստաթուղթն ի վերջո կստորագրվի։ Բայց այս «մինի-սկանդալը» որևէ կերպ չի՞ անդրադառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։ – Հայաստանի ու ԵՄ-ի միջև վատ մթնոլորտ կձևավորվի, եթե կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները։ Օրինակ՝ վիզաների համագործակցություն, ավիացիոն պայմանագիր… դրանք առանձին ծրագրեր են, բանակցելուց հետո ամեն կողմը իր պարտավորություններն է ստանձնում։ Եթե կատարենք այդ պարտավորությունները, ինչո՞ւ պետք է բացասական մթնոլորտ ձևավորվի: Պետք  հարթել, հանդիպելով ու բանակցելով՝ անցնել առաջ։ – Բայց իշխանությունները ունե՞ն ցանկություն իրավիճակը հարթելու, հակառակը՝ ասում են՝  վերահաստատում ենք մեր կարծիքը։ – Դա քուչի կռվի շարունակությունն է։ Եթե չեմ սխալվում, երեկ GSP+ ծրագրի պատասխանատուները  եկել էին և էկոնոմիկայի նախարարությունում հանդիպումներ էին անցկացնում։ Այսինքն՝  եթե ծրագրերը շարունակվում են, անիմաստ է խնդիրը շահարկել. պետք է ականջալուր լինել բոլոր խնդիրներին։ Ամեն ինչ կախված է  մեզնից և մեր ձեռքերում է։ Շատ լավ կլինի, որ հանդիպեն, խոսեն, հասկանան, ու թեման դադարի։ Լավ կլինի, որ իշխանությունը արձագանքի հանրության բարձրացրած խնդիրներին՝ Սվիտալսկու ասածի մասին բոլորն էին խոսում, ինչո՞ւ չէին  արձագանքում։

1in.am
21-06-2017 16:24