Արփինե Հովհաննիսյանը կառավարության ծրագրի հիմքը նախորդ ծրագրի կատարումն է համարում

21-06-2017 16:29

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացված կառավարության ծրագրի հիմքը գործադիրի նախորդ ծրագրի կատարումն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ կառավարության նախորդ ծրագիրն ամբողջությամբ կատարված է: «Այս տեսակետից ուզում եմ ասել, որ նոր ծրագրի հիմքն ու բազան նախորդ ծրագրի կատարումն է: Օրինակ՝ եթե մենք ասում ենք 8.4 տոկոս սեփական եկամուտների աճ, դա նշանակում է 57 մլրդ դրամով մենք ավելի գումար ունենք, քան կանխատեսել էինք: Մենք չունեինք այդ գումարը տարվա սկզբին, չգիտեինք, որ այդքան գումար ավելի ենք ունենալու, կանխատեսել էինք այլ թիվ, այլ եկամուտներ: Մենք այսօր ունենք 57 մլրդ դրամի սեփական եկամուտների աճ: Մենք այդ մասին գիտեինք նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Այդ եկամուտները գոյացել են հարկերի հավաքագրման արդյունքում»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի նկատմամբ ընդդիմության քննադատական մոտեցմանը՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրն այդ փաստաթղթում կարող է գտնել այն, ինչ ուզում է և այն, ինչ ուզում է քննադատել:   Լուսանկարը՝  ArmLur.am-ի

1in.am
21-06-2017 16:29