Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող վարչապետ. Նիկոլ Փաշինյան

21-06-2017 16:41

«Ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր մենք ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին»,- այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինայնը: Նա նշեց, որ հիմա քաղաքական գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք Կարեն Կարապետյանը հավակնում է 2018 թվականին թիվ մեկ պաշտոնյայի՝ վարչապետի պաշտոնին: «Խաչաձև հարցաքննության ընթացքում վարչապետն ի վերջո ասաց, որ ինքը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո: Սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը 10 տոկոսով: Ի՞նչ է լինելու, թե, օրինակ, պարզվի, որ այդ պաշտոնը պատրաստ է ստանձնելու Սերժ Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ կարգավիճակը ստանձնի Վիգեն Սարգսյանը: Մայիսի 18-ին այս ամբիոնից ելույթ ունենալով՝ Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող վարչապետ»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ական գործիչների խոսքում կարմիր թելի պես անցնում է այն, որ որպես վարչապետ երկիրը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: «ՀՀԿ խոսնակի խոսքին ուշադրություն դարձրի՞ք, ինքն ասեց, որ էս կառավարության ծրագիրը հիմնված է այս ելույթի վրա, այն ելույթի վրա, ինչպես քնքուշ նկատում էր, Սերժ Սարգսյանի ելույթի վրա, կառավարությունից մի հոգու անուն չտվեց, նույնիսկ վարչապետի անունը: Այս ծրագրի հետ կառավարությունը ոչ մի կապ չունի: Հենց հարցն էլ հետևյալն է՝ այս կառավորության ծրագրի քննարկումը իմաստ կունենա, քաղաքական լուրջ քննարկում կծավալվի միայն այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ կհայտարարի՝ ով է ինքը և ինչ դերակատարում է իրեն վերապահում առաջիկայում, երբ տեղի է ունենալու իշխանության տրանսֆորմացիա»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ Կարեն Կարապետյանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչո՞ւ է ստանձնել վարչապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու համա՞ր: Մինչ այժմ վարչապետի արած բոլոր քայլերը, նրա խոսքով, խոսում են հենց այս վարկածի օգտին: «Գործող վարչապետը 2017 թվականի ընտրություններից առաջ վարչապետի պաշտոնն ստանձնելով ու ՀՀԿ շարքերը համալրելով՝ իր նոր կերպարով պոզիտիվ ֆոն ստեղծեց ընտրակաշառքների բաժանման և ՀՀԿ և Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Քարոզարշավում ակտիվ դերակատարություն ունենալով՝ վարչապետը ֆիասկոյի առաջ կանգնեց, որովհետև եթե փորձենք այսօր ճշտել, թե խորհրդարանական մեծամասնությունում ովքեր են վարչապետի կողմնակիցները, երևի այդ մարդկանց հաշվելու համար մեզ պետք կլինի մեկ ձեռքի մատների կեսը»,- ասաց նա: Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետևյալը՝ Մավրը արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա: «Այս ենթատեքստում Կարեն Կարապետյանը երկու հստակ հարցի պետք է պատասխանի: Առաջինն ինքն ասաց, որ պատրաստ է մնալ վարչապետ, իսկ ինքը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի կառավարությունում լինել վարչապետ կամ նախարար: Նաև Կարեն Կարապետյանը պետք է շատ հստակ պատասխանի հետևյալ հարցին՝ բա 2016 թվականին, երբ ինքը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, երբ քննարկում էին իր նշանակումը, արդյոք նրանք չէին քննարկել այն իրավիճակը, որը պետք է ստեղծվի 2018 թվականին:  Արդյոք նրանք չունեն պայմանավորվածություններ: Եթե ունեն, ինչու են այդ պայմանավորվածությունները գաղտնի պահվում հասարակությունից ու խորհրդարանից: Հիմա ճիշտ տեղն ու ժամն է, որ մենք պետք է իմանանք, թե դուք այն ժամանակ ինչ եք խոսել: Ես համոզված եմ, որ դա նաև ազգային անվտանգության խնդիր է»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am
21-06-2017 16:41