«Իգլան» ձեռք է բերվել Հայաստանում և օրինական ճանապարհո՞վ. Ով է գործով անցնող Հրաչ Մայիլյանը

21-06-2017 17:00

Ինչպես արդեն հայտնի է, «Իգլայի» գործով նախաքննությունը արդեն ավարտվել է, և գործի նյութերը տրամադրվել են կողմերին ծանոթանալու համար: Նախաքննության ավարտից առաջ գործով անցնող մեղադրյալների մեղադրանքները փոփոխվել են, որոշների դեպքում մեղադրանքը մեղմացվել է, իսկ որոշներին նոր մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես, նոր մեղադրանք է առաջադրվել այս գործով առանցքային մեղադրյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նա մեղադրվում է նաև փողերի լվացման համար, սակայն նրա մեղադրանքից հանվել է 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն): Ռազմամթերքի մաքսանենգություն հոդվածը հանվել է նաև այս գործով մյուս մեղադրյալի՝ Արմեն Պողոսյանի մեղադրանքից, ով, ըստ Սամվել Բաբայանի պաշտպանի, միակ անձն էր, ով ցուցմունք էր տվել Սամվել Բաբայանի դեմ, և հենց նրա ցուցմունքն էր դրվել Բաբայանի մեղադրանքի հիմքում: Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ռազմամթերքի մաքսանենգության մասով մեղադրանքը հանվել է, քանի որ ապացույցներ ձեռք չեն բերվել այդ մասով: Մեր դիտարկմանը, թե ռազմամթերքի մաքսանենգության հոդվածը հանելն արդյոք նշանակո՞ւմ է , որ «Իգլա» տեսակի զենքը Հայաստանի ներսում է գնվել կամ օրինական ճանապարհով է բերվել Հայաստան, տիկին Կիրակոսյանը պատասխանեց. «Մենք դա չենք կարող ասել, քանի որ մի մասը դեռ Վրաստանում է: Մենք այդ տվյալը դեռ չունենք: Մենք միայն ունենք, որ այդ մասով ապացույցներ չեն գտնվել: Իսկ գործի նյութերին մենք դեռ չենք հասցրել ամբողջական ծանոթանալ»: Ի դեպ, Կիրակոսյանը հերքեց, թե իր պաշտպանյալը Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք է տվել: «Այդպիսի բան չկա, մինչ ձերբակալությունը եղել են և՛ ներքին դիտումներ, և՛ գաղտնալսումներ, և այդպիսի բան չի հիմնավորվել: Ես Սամվել Բաբայանի պաշտպանի հետ էլ եմ խոսել և ասել եմ, որ իր պնդումները իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Կիրակոսյանը: Նշենք, որ Արմեն Պողոսյանը ներկայումս մեղադրվում է միայն ապօրինի զենք ձեռք բերելու հոդվածով, որով Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ ունեցած առնչությանը, ապա Կիրակոսյանն ասաց, որ Արմեն Պողոսյանը Սամվել Բաբայանին չի ճանաչել և որևէ առնչություն չի ունեցել: Նախաքննությամբ ևս դա չի հիմնավորվել: «Ինքը ո՛չ ճանաչել է, ո՛չ շփվել է, ոչ էլ որևէ այլ առնչություն է ունեցել Բաբայանի հետ: Բացարձակ»: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է բացատրվում նրանց առնչությունը այս գործի շրջանակներում, փաստաբանը պատասխանեց. «Դե քանի որ զենք ձեռք բերելու մեղադրանքը 4 հոգու նկատմամբ է, նրանք մասնակիցներ են, և գուցե նրանցից մեկը կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակիչ է եղել: Դա չեմ կարող ասել: Բայց ինքը չի տեսել և որևէ առնչություն չունի Բաբայանի հետ»: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե գործով կա ևս մեկ անձ, որին ԱԱԾ-ն դեռևս նախաքննության ընթացքում ազատ է արձակել համագործակցության համար, քանի որ նա այն մարդն է, որն անձամբ է իրավապահներին ցույց տվել զենքը և պատմել կատարվածի ողջ մանրամասները, ապա տիկին Կիրակոսյանի խոսքով՝ իրեն նման անձ հայտնի չէ: Սակայն գործով անցնում է Հրաչ Մայիլյանը, որի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը: «Բայց թե նա համագործակցել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Գործի նյութերին էլ ամբողջությամբ դեռ չեմ ծանոթացել, որ ասեմ՝ նա որևէ մեկի դեմ ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Կիրակոսյանը: Ռազմամթերքի մաքսանենգություն հոդվածը հանվել է նաև գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի մեղադրանքից: Նա նույնպես մեղադրվում է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, փոխադրելու մասով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից: Նրա փաստաբանի հավաստմամբ՝ սա նշանակում է, որ իրենց նախկին հայտարարությունները ճիշտ էին այն մասով, որ չի հիմնավորվել, որ այդ զենքը ձեռք է բերվել Վրաստանից կամ այլ երկրից: «Այժմ նրանք մեղադրվում են այն բանի համար, որ իբր «Իգլան» Հայաստանում են ձեռք բերել, պահել»,- ասել է փաստաբանը: Ի տարբերություն Արմեն Պողոսյանի՝ Սանասար Գաբրիելյանը իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունել: Նա նշել է, որ հայկական բանակի համար զենք ձեռք բերելու մտադրություն է ունեցել, սակայն կապվել է ոչ ճիշտ և անլուրջ մարդկանց հետ, դրա համար էլ հայտնվել է այս պատմության մեջ: Բայց վերջին պահին հրաժարվել է այդ զենքը գնել, որովհետև այն թերի զենք է եղել ու բանակին ոչ պիտանի: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ ունեցած առնչությանը, Գաբրիելյանն ասել է, որ Բաբայանից պարզապես խորհուրդ է հարցրել զենքի մասով: Նշենք, որ Սամվել Բաբայանը իրեն առաջադրված երկու մեղադրանքներն էլ չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

1in.am
21-06-2017 17:00