Ինչու վարչապետը չի այցելել որեւէ եվրոպական երկիր

21-06-2017 17:07

Իր պաշտոնավարման ժամանակահատվածում վարչապետ Կարեն Կարապետյանը այց չի կատարել որևէ եվրոպական երկիր, այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մի հատ արևմտյան այց չի կազմակերպվել ձեզ համար, և ինձ համար կարևոր հարց կա, արդյոք դուք ուզել եք այց կազմակերպել, չի ստացվել, թե՞ չեք էլ փորձել և բավարարվել եք Ղրղզստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Բելառուս կատարած այցերով»,- ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ սա շատ մտահոգիչ իրավիճակ է, ո՞վ պետք է գնա եվրոպական երկրներ ու փորձի ներդրողներ բերել, ի՞նչ քայլեր են արվում այդ ներդրումները բերելու համար: «Բոլոր այցերը ԵՏՄ-ական են, բայց այսօր ԵՏՄ շրջանակներում ՀՀ քաղաքացիների շահերը ոտնահարվում են: ՌԴ-ում հունիսի մեկից օրենք կա, որով հայկական վարորդական իրավունքով հնարավոր չէ այնտեղ աշխատել: Բա ԵՏՄ-ն ինչի՞ մասին է, ծառայությունների ազատ տեղաշարժի, աշխատուժի ազատ տեղաշարժի, բա ինչո՞ւ չեք պաշտպանում մեր քաղաքացիներին, պարոն վարչապետ: ԵՏՄ անդամ երկրներում մեր քաղաքացիներին դեպորտացիայի են ենթարկում կարմիր լույսի տակով անցնելու համար: Դուք պատկերացնո՞ւմ եք ԵՄ անդամ Գերմանիայում դեպորտի ենթարկեն Բելգիայի քաղաքացուն, ասեն՝ դու վարչական խախտում ես թույլ տվել: Բա մեր քաղաքացիների շահերը ո՞վ պետք է պաշտպանի, բա էդքան գնում եք ԵՏՄ, չեք գնում Գերմանիա ներդրումներ բերեք, գոնե ԵՏՄ-ում մի գործ արեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը միանար ԵՄ Ասոցացման համաձայնագրին, երկիր մեծ ներդրումներ էին գալու: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ միայն թղթի վրա է դա, ներդրումները չեն գալիս Հայաստան, մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել: «Մենք այս ընթացքում տեսնում ենք շատ ապաքաղաքական մոտեցումներ ՀՀ կառավարության կողմից՝ ձեր գլխավորությամբ, ի դեմս ձեզ: Դրա համար էլ մենք ասում ենք՝ ուզում ենք իմանալ ում հետ գործ ունենք, դա մեզ համար կարևոր է»:

Lragir.am
21-06-2017 17:07