Կառավարությանը չի հաջողվում տնտեսության մեջ որակական առաջընթաց գրանցել

21-06-2017 17:20

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մայիս ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.4%: Դրանում մեծ է հատկապես արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը. նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 114.4%, գյուղատնտեսությունում շարունակվում է նահանջը՝ արձանագրվել է 3.3%-անոց անկում: Շինարարությունում նույնպես դեռևս շարունակվում է կայուն երկնիշ անկման փուլը՝ 12.1%: Առևտրի շրջանառության ոլորտում աճը կազմել է 11.8%, ծառայությունների ոլորտում՝ 11.0%: Սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4%, առևտրի շրջանառությունն աճել է 12.8%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 4.6%-ով, չնայած ապրիլ ամսվա նկատմամբ այն նվազել է ամբողջ 3%-ով: Գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.9%-անոց աճ՝ ի հաշիվ մասնավոր հատվածում արձանագրված աշխատավարձերի 2.4%-անոց աճի, որովհետև պետական հատվածում աշխատավարձի անկումը շարունակվում է: Մայիս ամսին այն նվազել է ևս 0.4 տոկոսային կետով: Մայիս ամսին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 123.1%-ով, ընդ որում՝ ինչպես և նախորդ ամիսներին, ներմուծման ծավալների աճը գերազանցում է արտահանման աճին. արտահանումն աճել է 20.9%-ով, ներմուծումը՝ 24.4%-ով: 2017թ. մայիսի տնտեսական վիճակի պատկերը հասկանալու համար ներկայացնենք նաև նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի տնտեսական իրավիճակը, որը զուգահեռներ անցկացնելու և համապատասխան եզրակացության հնարավորություն կտա: Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ 2016թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%: Գրանցվել է արդյունաբերության 9.1%-անոց աճ: Ընդ որում, սկսած 2015թ.-ից՝ հիմնական արդյունաբերական աճն ապահովվել է թեթև արդյունաբերության, սննդամթերքի, մասնավորապես խմիչքների և ծխախոտի արտադրության և հանքագործական արտադրությունների աճի շնորհիվ, ինչն էլ շարունակվում է 2017թ.-ին: Գյուղատնտեսության ոլորտում 2016թ. մայիսին արձանագրվել է գրեթե 6%-անոց աճ, շինարարությունում՝ 9%-անոց անկում, առևտրի շրջանառության ոլորտում՝ 0.1%-անոց անկում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.6%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.3%-ով, մասավորում՝ աճել է 3.4%-ով: Արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 2.1%-ով. արտահանումը՝ 8.4%-ով, մինչդեռ ներկրումը նվազել է 1.1%-ով: 2017թ. հունվար-մայիս և 2016թ. հունվար-մայիս ամիսների վիճակագրական տվյալների զուգահեռներ անցկացնելիս պարզվում է, որ տնտեսության զարգացման առումով առայժմ որևէ լուրջ առաջընթաց չկա: Նախորդ տարվա տվյալ ժամանակամիջոցի տնտեսական աճի համեմատ առայժմ մեկ տոկոսով ավելի աճ է գրանցվում, որն անասելի փոքր թիվ է: Մյուս կողմից՝ արձանագրվող տնտեսական աճը տեղի է ունենում շնորհիվ արդյունաբերության ոլորտի մի քանի ճյուղերի, որոնցից մի քանիսի հիմքերը դրվել են դեռ մեկ-երկու տարի առաջ: Հանքագործության ոլորտի զարգացումները այնքան էլ պայմանավորված չեն հանրապետության կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ: Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերությանը, խմիչքների ու ծխախոտի արտադրությանը, ապա դրանք 2016թ.-ի սկզբներից սկսած՝ ծավալային բավականին լավ աճ են ապահովել, և այդ աճը շարունակվում է: Մինչդեռ կառավարությանն այդպես էլ չի հաջողվում բեկում մտցնել տնտեսության կարևորագույն ճյուղերից գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, որոնցում երկարատև կայուն անկումը շարունակվում է: Արտաքին առևտրում ևս չնայած շարունակ հրապարակվող արտահանման ծավալների աճին՝ համեմատության մեջ պարզվում է, որ ներմուծման ծավալների աճը անհամեմատ մեծ է արտահանվողից: Այնպես որ, մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները մեկ անգամ ևս հաստատեցին, որ առայժմ կառավարությանը չի հոջողվում տնտեսության մեջ որակական լուրջ առաջընթաց գրանցել:

1in.am
21-06-2017 17:20