Մավրը արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի մասին

21-06-2017 18:20

Խաչաձև հարցաքննության արդյունքում վարչապետն, ի վերջո, ասաց, որ ինքը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը տասը տոկոսով: Ի՞նչ է լինելու, երբ այս կարգավիճակը ստանձնելուն պատրաստ է նաև Սերժ Սարգսյանը, օրինակ, կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ կարգավիճակը ստանձնի Վիգեն Սարգսյանը», – նշեց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մայիսի 18-ին կայացած ԱԺ առաջին նիստում ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը «խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող վարչապետ»։ «Ելք»-ի ղեկավարը կարծում է, որ կառավարության ծրագրի քննարկումը իմաստ կստանա, քաղաքական լուրջ քննարկում կիրականացվի, եթե Կարեն Կարապետյանը շատ հստակ հայտարարի՝ ով է ինքը և ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկա քաղաքական շրջանում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարչապետն իր նոր կերպարով, նոր անձի ֆակտորով պոզիտիվ ֆոն ստեղծեց ընտրակաշառքների բաժանման և ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Փաշինյանը նկատեց, որ ամեն ինչ շատ նման է նրան, որ «այսօր Ազգային ժողովում ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ու ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի գործընթացին»։ «Ըստ էության, ՀՀԿ-ի ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետևյալը՝ Մավրը արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա», – հավելեց Նիկոլ Փաշինյանը։

1in.am
21-06-2017 18:20