Ադրբեջանցիները ստում են. ՊԲ որևէ զինծառայող գերի չի ընկել. Դավիթ Բաբայան

21-06-2017 19:22

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանի կողմից դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին, ապատեղեկատվություն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Նրանք ստում են, դա չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանության բանակի որևէ զինծառայող գերի չի ընկել: Խոսքը հատկապես այն ստորաբաժանումների մասին է, որոնց մասին նշում է Ադրբեջանը: Չի բացառվում, որ գուցե Նոյեմբերյանի հատվածում կրկին մի քաղաքացի մոլորված անցել է սահմանը: Չգիտենք, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, բայց մենք ևս մեկ անգամ կարող ենք ականատես լինել անմարդկային, բարբարոսական վերաբերմունքի, երբ մոլորված քաղաքացիական անձանց հագցնում են զինվորական համազգեստ և ցույց են տալիս նրանց՝ որպես դիվերսանտներ: Հետո այդ մարդկանց ծեծում, խոշտանգում են: Սա ադրբեջանական ֆաշիզմի դրսևորումներից է: Ադրբեջանը բեմադրում է նման հոլիվուդյան ներկայացումները՝ սեփական ոտնահարված արժանապատվությունը և հատկապես ապրիլից հետո ոտնահարված իր «ոգին» բարձրացնելու համար»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր «հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական մի խումբ փորձել է անցնել Ադրբեջանի Զինված ուժերի պաշտպանության գիծը», բայց ձեռնարկված գործողությունների հետևանքով կորուստներ է կրել և ստիպված է եղել նահանջել: Ավելին, ադրբեջանական կողմը պնդում է, որ «հետախուզական խմբի» անդամներից մեկը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:

1in.am
21-06-2017 19:22