Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են ապրիլյան պատերազմում վիրավորվածների հանդեպ. զինվորի եղբայր

21-06-2017 19:25

Ապրիլյան պատերազմի ծանր վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորի եղբայրն իր բողոքն ու զայրույթն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որոնք ոչ միայն իր վիրավոր եղբորը, այլև մյուս զինվորներին անտարբերության են մատնել և խնամազուրկ թողել: Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo կայքը՝ մեջբերելով վիրավոր զինվորի եղբոր՝ Ռոյալ Շուքյուրովի ֆեյսբուքյան էջի գրառումը, որտեղ նա նշում է. «Ցավոք սրտի, Ադրբեջանի իշխանությունները կույր են: 2016 թվականի ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած եղբայրս՝ Յաշար Աղաևը մինչև հիմա բուժում չի ստացել: Բժիշկները խոսում են նոր վիրահատության անհրաժեշտության մասին, որը հնարավոր է իրականացնել Թուրքիայում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անտարբերության պատճառով գրեթե բոլոր վիրավոր զինվորները, որոնք դեռևս լուրջ բուժման կարիք ունեն, գտնվում են անօգնական և ծանր վիճակում: Իմ եղբայրն արդեն մեկ տարուց ավելի է ծանր վիճակում հիվանդանոցում է: Ցավալի է, բայց Ադրբեջանի իշխանություններից մենք այլևս ոչ մի հույս չունենք»,- գրում է զինվորի եղբայրը:

1in.am
21-06-2017 19:25