ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը դուրս բերել փակուղուց

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ 8 միլիարդ ներդրումները, որոնց մասին ասել է, «կարող են իրականացվել այն ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի եւ հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել»: Դեսպանն ավելացրել է, որ Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը նույնպես իրական հնարավորություն է ստեղծում ներդրումների համար: Նրա խոսքով, այդ ներուժը կարող է իրացվել, երբ գոյություն ունենան համապատասխան ենթակառուցվածքներ: Դեսպանն ասել է, որ ներդրումները կարող են ուղղվել նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտ: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երկու ներդրումային նախագիծ է ներկայացրել. ծրագրերից մեկը վերաբերում է պինդ թափոնների վերամշակման ճանապարհով էներգիայի արտադրությանը: Ամերիկացի ներդրողները քննարկում են այս առաջարկը: Ամերիկացի դեսպանի հայտարարությունը ուղերձ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից եւ տարածաշրջանային փակուղից: Հայաստանին նման փակուղի են մտցրել ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, այնպես էլ Ռուսաստանն իր էքսպանսիոն էներգետիկ քաղաքականությամբ եւ Հայաստանի օլիգարխիկ իշխանությունը, որին ձեռնտու չէ երկրի բացումը: ԱՄՆ-ն բազմիցս ցույց է տվել, որ Հայաստանի փակ լինելը շատ տնտեսական ու քաղաքական խնդիրների պատճառն է: ԱՄՆ-ն բացահայտ թե լատենտ ձեւով, դեմ է հանդես եկել Հայաստանը շրջանցող տարածաշրջանային նախագծերին, օրինակ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Ընդ որում, չնայած Իրանի հետ լարված հարաբերություններին, Վաշինգտոնը չի խոչընդոտել Իրանի հետ Հայաստանի հողարդակցություններին: Հայաստանն ԱՄՆ-ին ու համաշխարհային տերություններին հետաքրքիր է որպես կարեւոր եւ ռազմավարական տարածաշրջանի մաս, եւ մեկուսացված վիճակում Հայաստանը միայն բեռ է: Հայաստանի իշխանությունը, սակայն, ոչ միայն բավարար քայլեր չի ձեռնարկում երկիրն օտարերկրյա ներդրումների առաջ բացելու համար, այլ հաճախ խոչընդոտում է նախագծերին, որոնք կարող են դիպչել Հայաստանի տնտեսության կոշտ մենաշնորհային-օլիգարխիկ կարգին եւ ռուսական պետական ընկերությունների շահերին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
21-06-2017 19:30