Ո՞վ է «Հայաստանի իսկական տերը». Մոսկվայից սպառնում են նոր «սեպտեմբերի 3»-ով

21-06-2017 19:30

Մոսկվայից սկսել են շատ հստակ ու պարզորոշ ազդակներ ուղարկել Հայաստան առ այն, որ Ռուսաստանին անհանգստացնում են թե՛ Եվրամիության և թե՛ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հեռանկարները: Եվ ինչպես սովորաբար է լինում, Մոսկվան նման ուղերձները առաջին հերթին ուղարկում է ոչ թե պաշտոնական խողովակներով, այլ իրենց կողմից կառավարվող լրատվամիջոցների և փորձագետների օգնությամբ: Ռուսական կողմը ոչ պաշտոնական միջոցներով սպառնում է նոր «սեպտեմբերի 3» կազմակերպել Հայաստանի համար, այսինքն՝ կասեցնել ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, այլև Եվրամիության և Հայաստանի միջև նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսված է 2017թ. նոյեմբերին Բրյուսելում: Ռուսական պրոպագանդայի լավագույն ավանդույթներով «Ռոսբալտ» դաշնային ինֆորմացիոն գործակալության կայքում հրապարակվել է հոդված՝ «ՆԱՏՕ-ն հավաքագրում է Հայաստանին» վերտառությամբ: Հոդվածի հեղինակը Իրինա Ջորբենաձեն է, որը նախկինում էլ աչքի է ընկել հակահայկական շեշտադրումներ ունեցող հոդվածներով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ սույն լրագրողը նույնիսկ սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, և ամենևին էլ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները շատ հաճախ մեջբերում են «հայտնի վերլուծաբան» Իրինա Ջորբենաձեի խոսքերը այս կամ այն թեմայի մասին: Իսկ նույն հոդվածում Ջորբենաձեն ընդգծում է այն հանգամանքը, թե Ադրբեջանում «շատ ուշադիր հետևում են Հայաստանի մարմնաշարժումներին»: Հեղինակի անձնական մոտիվացիան, հայացքներն ու տրամադրությունները միշտ էլ որոշակիորեն ազդում են հոդվածի բովանդակության և շեշտադրումների վրա, և դա հայտնի ճշմարտություն է, այնուամենայնիվ՝ մի կողմ թողնենք լրագրողի անձը և վերադառնանք բուն տեքստին: Հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Ջեյմս Ապատուրայի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հայաստանյան վերջին այցելությանը, այլև դրանից մի քանի օր առաջ՝ հունիսի 10-ին, Ծաղկաձորում ՆԱՏՕ-ի թեմայով լրագրողների համար կազմակերպված սեմինարին, որի բանախոսներն էին Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, Դավիթ Շահնազարյանը, Ռիչարդ Կիրակոսյանը և այլ հայտնի փորձագետներ: Ըստ էության, «Ռոսբալտի» լրագրողը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները դիտում է միևնույն համատեքստում՝ նշելով, թե ՆԱՏՕ-ն բուռն գործունեություն է ծավալում Հայաստանում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման նախօրեին: Առաջին հերթին ընդգծվում է այն փաստը, որ Ապատուրային Հայաստանում ընդունել են ամենաբարձր մակարդակով՝ ինչպես Հայաստանի նախագահի, այնպես էլ ԱԺ նախագահի և արտաքին գործերի նախարարի կողմից: Ջորբենաձեն առավել ինտրիգային է որակել ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հայտնած այն միտքը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ ժամանակներում ունենալու է Հայաստանին հետաքրքրող նոր ծրագրեր: ««Խելոք գառան» փիլիսոփայությունը արդեն մի անգամ անհարմար կացության մեջ է դրել հայերին, բայց հավանաբար նրանք որոշել են ևս մեկ անգամ ռիսկի դիմել»,- գրված է հոդվածում: Բայց առավել ստորացուցիչ ու վիրավորական կարելի է համարել տեքստի հետևյալ հատվածը. «Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանից Ռուսաստանին ու Իրանին ուղարկված գլխավոր «ուղերձը» կարելի է համարել այն, որ դաշինքը շուտով կունենա Երևանին հետաքրքրող նոր ծրագրեր: Հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ ծրագրեր: Եվ ինչո՞ւ է դրա մասին ասվում Հայաստանի ու Եվրամիության համաձայնագրի ստորագրման նախօրեին: Ճիշտ է, դա Ասոցացման համաձայնագիրը չէ, ինչպես ծրագրվում էր նախկինում, բայց ամեն դեպքում: Չէ՞ որ Ռուսաստանը շատ հանգիստ կարող է վիժեցնել փաստաթղթի ստորագրումը՝ ոչ այնքան դրա «վտանգի» պատճառով, որքան ելնելով իր ցանկությունից՝ ևս մեկ անգամ ցույց տալու, թե ով է Հայաստանի իսկական տերը, միաժամանակ նաև տհաճություն պատճառելու Արևմուտքին՝ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների համար»:  Հիմարություն է «Դա պարզապես հիմարություն է: Այստեղ որևէ ազդակ չկա, և ընդհանրապես պետք չէ ԶԼՄ-ների ցանկացած հրապարակում համարել ազդանշան Ռուսաստանի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: Ռուսաստանցի փորձագետը համոզված է, որ Մոսկվան շատ նորմալ է նայում թե՛ Հայաստան-ՆԱՏՕ և թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և չի տեսնում որևէ խնդիր նոր համաձայնագրի մեջ, քանի որ եվրոպական կողմը Եվրամիության ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ չի կանգնեցնում Հայաստանին: «Հայաստանը խաղում է մի դեր, որը համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Հայաստանը միջնորդի/կամրջի դեր է խաղում մի կողմից՝ Ռուսաստանի ու Եվրասիական միության, և մյուս կողմից՝ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի միջև, և նկատեք, որ չարդարացան բոլոր այն խոսակցությունները, թե Մոսկվան խոչընդոտելու է Երևանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրմանը: Նման բան չկա, Մոսկվան ամենևին չի խոչընդոտում. չի եղել որևէ հայտարարություն, որևէ խոսք Կրեմլի կամ ԱԳՆ-ի կողմից: Եվ դա հասկանում են նաև Արևմուտքում, այդ պատճառով էլ նրանք միշտ ընդգծում են, թե հիմա իրենք հարցը դնում են ոչ թե «կամ-կամ»-ով, ինչպես առաջ էին սխալմամբ անում, այլ «և-և»-ով: Իսկ «և-և» հարցադրումը միանգամայն ձեռնտու է Մոսկվային, որովհետև ոչ ոք չի ուզում կորցնել Արևմուտքի հետ կապի այդ շատ լավ խողովակը: Եթե Հայաստանը լինի այդ խողովակը, ապա շատ դրական դեր կխաղա: Իհարկե, մեզ մոտ կան մարդիկ, որոնց դա դուր չի գալիս: Կան ծայրահեղական հայացքներ ունեցող հրապարակախոսներ, փորձագետներ, բայց գերիշխող կարծիքն այն է, որ Հայաստանի այդ քաղաքականությունը նորմալ է, և ոչ ոք չի ձգտում այնպես անել, որ Հայաստանը ամբողջությամբ փակվի Արևմուտքից, խզի իր կապերը ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ: Դա զառանցանք է և պետք չէ ոչ ոքի՝ առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը գտնվում է բավական բարդ և վտանգավոր աշխարհագրական դրության մեջ»,- նշեց Սկակովը: «Միևնույն ժամանակ,- շարունակեց մեր զրուցակիցը,- Ռուսաստանում գիտակցում են, որ տեսանելի ապագայում ո՛չ Հայաստանը և ոչ էլ նախկին ԽՍՀՄ մյուս երկրներից որևէ մեկը չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մոսկվայի համար անընդունելի է Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ այդ երկրների հետ մեր հարաբերությունների պատճառով, բայց նրանք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նրանք ունեն չլուծված տարածքային հիմնախնդիրներ: Ուստի եթե Ամերիկայում գտնվի ինչ-որ ավանտյուրիստ (դա չի լինելու Թրամփը), որը տվյալ իրավիճակում կփորձի ներքաշել Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմի մեջ, այդ դեպքում հնարավոր են ծայրահեղ քայլեր Ռուսաստանի կողմից, բայց կարծում եմ, որ գործը դրան չի հասնի: Իսկ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության մասին ոչ ոք չի խոսում»:  Սխալ մեթոդ Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ մենք արդեն վաղուց չենք ապրում Խորհրդային Միության ռեժիմով, և Հայաստանը ինքնիշխան պետություն է և ունի բոլոր իրավունքները երկխոսելու աշխարհի բոլոր այն երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ ցանկություն ունի համագործակցելու: «Մենք գիտենք, որ Հայաստանը ընտրել է եվրասիական ինտեգրացիան՝ որպես հիմնական ուղղություն, ոչ թե եվրոպականը: Հայաստանի որոշումը շատ լուրջ էր և կշռադատված՝ հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների համապատկերում: Հայաստանը կշռեց եվրոպական ու եվրասիական ինտեգրացիաների բոլոր դրական ու բացասական կողմերը և որոշում կայացրեց հիմնականում աշխատել եվրասիական ուղղությամբ: Իսկ եթե այս վերջին երեք տարիներին Հայաստանը, որպես ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և մյուս կառույցների ակտիվ մասնակից և անդամ, աշխատում է այս ուղղությամբ և միաժամանակ պահպանում է իր կապերը Արևմուտքի հետ՝ ներառյալ Միացյալ Նահանգները և այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը, ապա դա ևս Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող արգելել և չի կարող ճնշում գործադրել Հայաստանի վրա, ուստի Հայաստանը ինքն է որոշում իր քայլերը»,- ասաց փորձագետը: Տրոֆիմչուկը այս համատեքստում ուշադրությունը հրավիրում է մեկ այլ հանգամանքի վրա, որ իր կարծիքով՝ հարկավոր է բարձրացնել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի արդյունավետությունը՝ որպես տնտեսական և ռազմական կամ անվտանգային կառույցներ, և եթե Հայաստանը տեսնի, որ այս կառույցներն իրոք արդյունավետ են գործում, այդ ժամանակ ինքնաբերաբար կնվազեցնի «բանակցային ակտիվությունը» Արևմուտքի հետ: Նմանատիպ մեթոդներով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը, փորձագետի խոսքով, կարող են միայն վատթարացնել վիճակը: «Ճնշումն այստեղ որևէ դեր չի խաղում: Ավելին, նման ճնշումները, եթե դրանք գործադրվում են ինչ-որ հոդվածների, ԶԼՄ-ների միջոցով կամ այլ մեթոդներով, կարող են միայն վատթարացնել վիճակը: Այդ դեպքում Հայաստանը ոչ թե պարզապես բանակցություններ կվարի արևմտյան կառույցների հետ, այլ կսկսի նպատակաուղղված աշխատել, որպեսզի դուրս գա առանցքային այն միություններից, որոնց նա այսօր անդամակցում է: Նման ճնշումները կարող են հակառակ ռեակցիա առաջացնել Հայաստանի կողմից, առավել ևս մենք գիտենք, որ Հայաստանը միատարր չէ. այնտեղ կան տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական հոսանքներ, այդ թվում՝ այնպիսի հոսանքներ, որոնք միշտ կապված են եղել Արևմուտքի հետ: Բայց հարկավոր է նշել, որ այդ «ճնշումը» չի գործադրվում և չի գործադրվելու ռուսական պաշտոնական շրջանակների, առավել ևս՝ բարձրագույն իշխանության կողմից: Պարզապես դրա մասին խոսում են առանձին ռուսական ԶԼՄ-ներ, բայց քանի որ այսօր խիստ սրված է աշխարհաքաղաքական իրադրությունը, նմանատիպ նյութերին հատուկ ուշադրություն են դարձնում՝ այդ թվում Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում: Ցանկացած հրապարակում, որը շոշափում է այսպիսի զգայուն հարցեր, կարող է իսկապես սադրել բացասական երևույթներ, մասնավորապես՝ ուժեղացնել ապաինտեգրման փորձերը նույն Հայաստանի կողմից»,- նշեց Գրիգորի Տրոֆիմչուկը:

1in.am
21-06-2017 19:30