Չեխիայի դեսպանը հայ-չեխական տնտեսական հարաբերություններում առաջխաղացում է նկատում

22-06-2017 16:50

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան բարձր է գնահատում հայ-չեխական հարաբերությունները: Նրա խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել տնտեսական հարաբերություններում: «Հայ-չեխական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 24 տարի առաջ, հաջորդ տարի կնշենք 25-ամյակը: Մեր հարաբերություններում երկու կարեւոր պահեր եղան. մեկը Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցն էր 2014 թվականին, մյուսն էլ 2016 թվականին՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի այցը Հայաստան: Բնականաբար, բացի սրանից եղել են եւս այլ կարեւոր հանդիպումներ երկու երկրների Ազգային ժողովների նախագահների, արտգործնախարարների միջեւ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Չեխիայի դեսպանը՝ ընդգծելով, որ թեպետ հայ-չեխական տնտեսական հարաբերություններն այդքան էլ գոհացուցիչ չեն, վերջին ժամանակահատավածում նկատվել է դրական առաջընթաց, ինչը դեսպանը կապում է հենց Հայաստանի տնտեսական առաջխաղացման հետ: Նա ուրախալի համարեց այն, որ ավելի եւ ավելի մեծ թվով չեխական ընկերություններ են ցանկանում Հայաստանում արտադրություն սկսել. նրանցից մեկն արդեն ճանապարհին է: Պետր Միկիսկան հավելեց, որ համագործակցությունը դրական ուղղվածությամբ է ընթանում նաեւ կրթական եւ մշակութային ոլորտներում. «Ամեն տարի կրթաթոշակներ ենք հատկացնում հայ ուսանողներին: Ավելի քան 200 ուսանող է պայքարել այդ կրթաթոշակների համար»: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Չեխիայի դեսպանը նշեց, որ կտրականապես դեմ է որեւէ զինված հակամարտության: «Մենք դեմ ենք ցանկացած տեսակի խախտումներին: ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի կարգավորման միակ ձեւաչափն է, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ բանակցային ուղին միակն ուղին է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-եզրափակեց նա:

1in.am
22-06-2017 16:50