Երևանում տեղի է ունեցել «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկո

24-06-2017 14:54

Կասկադ համալիրի պուրակում հերթական անգամ հանդիպել էին հեղինակ-կատարողներն ու հեղինակային երգի երկրպագուները: «Երևանյան բարդ» խորագրով հեղինակ-կատարողների համերգային ծրագիրը, որը Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի ավանդականներից է, իսկապես սիրված է ու սպասված: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևանյան ամառ 2017»-ի «Երևանյան բարդ»-ում երաժշտասեր հանրության առջև հեղինակային կատարումներով հանդես են եկել ճանաչված երգահաններ Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Քրիստ Մանարյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Գագիկ Շիբոյանը և երաժշտական այս ժանրի այլ հեղինակ-կատարողներ: Բացօթյա համերգը հաճելի մթնոլորտ էր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար՝ նրանց փոխանցելով երեկոյի բարձր տրամադրությունն ու յուրահատուկ կոլորիտը: Ներկաների հավաստմամբ՝ «Երևանյան բարդը» հիացմունքի պահեր է պարգևել իրենց՝ ամառային սովորական օրը վերածելով իսկական տոնի:

1in.am
24-06-2017 14:54