Վարդենիսի հոսպիտալում գտնվող բոլոր զինծառայողները դուրս են գրվել

26-06-2017 11:03

Հունիսի 24-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր զինծառայողները դուրս են գրվել Վարդենիսի զինվորական հոսպիտալից։ «Մեզ մոտ չորս զինծառայող էր մնացել, չորսն էլ արդեն դուրս են գրվել, որովհետև բոլորի վիճակն արդեն լավ էր»,- ասել է Վարդենիսի հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը։ Հոսպիտալի պետի խոսքով՝ դեռ ժամանակ է պետք, որ զինծառայողներն ամբողջությամբ վերականգնվեն վնասվածքներից, սակայն այս պահին նրանք հոսպիտալում բուժման կարիք չունեին։ «Վերականգնողական շրջանը, հաշվի առնելով, որ իրենք հանգստի մեջ են, կանցկացնեն տանը», – հավելեց Ե. Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ին տեղափոխել էին Երևան։ «Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է», – Facebook-յան իր էջում հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։   Լուսանկարը՝  shabat.am-ի

1in.am
26-06-2017 11:03