Տարին Հայաստանը փակել է 5.9 մլրդ դոլար պետական պարտքով

26-06-2017 11:14

Նախորդ տարին Հայաստանը փակել է 5.9 մլրդ դոլար պետական պարտքով: Այս մասին Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, 2015-2016 թվականներին Հայաստանն արտաքին պարտքի զգալի աճ է ունեցել: Ադ տարիներին վերցված արտաքին պարտքը կազմել է 900 մլն ԱՄՆ դոլար: Դա գրեթե այնքան էր, որքանով կրճատվել էին տրանսֆերտները: «Այսինքն՝ եթե մենք հիմա տեսականորեն մտածենք, որ պարտք չվերցնեինք, դա երկու էֆեկտ էր ունենալու: Ոչ միայն ես ունենալու էի տնտեսական ավելի ցածր ցուցանիշներ, նույնիսկ տնտեսական անկում էր հնարավոր: Դրա համար նպատակահարմար էր արտաքին պարտք վերցնելը», ասաց Արամյանը: Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2016 թվականի Հայաստանի պարտքի ծավալի մեջ ներքին պատքը մեծացել է: «Համաշխարհային տնտեսության փորձը փաստում է, որ հիմնականում պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից: Նույնիսկ շատ մարդիկ սխալմամբ ասում են՝ ՌԴ տնտեսությունը 1998 թվականին ունեցավ ներքին պարտքի ճգնաժամ: Դա ներքին պարտքի ճգնաժամ չէր, արտաքին պարտքի ճգնաժամ էր: Ինչի՞ համար է ներքին պարտքն ավելի հուսալի, քան արտաքինը: Առաջին պատճառն այն է, որ ներքին պարտքը դու տալիս ես քո ռեզիդենտներին, և գումարները շրջանառվում են քո տնտեսության մեջ: Արտաքին պարտք վճարելուց երկու էֆեկտ կա, նախ գումարները դուրս են գնում: Երկրորդ, դա նաև պահանջ է ներկայացնում արտարժույթի նկատմամբ», ասաց նա: Թեև Հայաստանն արտաքին պարտքy արտոնյալության բարձր սահման ունի, սակայն դա գնալով նվազում է: Ըստ նախարարի՝ որքան միավոր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մեզ մոտ բարձրանա, որքան մենք դառնանք դառնանք ավելի բարձր եկամուտներով երկիր, արտոնյալ վարկերը մեր վարկային պորտֆելում կնվազեն: «Պարտքի ցուցանիշներ կան, որոնք տալիս են ազդակներ՝ դու միջին, ցածր, թե՞ բարձր պարտքի բեռ ունեցող երկիր ես: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ներդրողները ուշադրությամբ նայում են այդ ցուցանիշներին: Պարտքի մասին խոսելիս չպետք է վերցնեննք միայն պարտք-ՀՆԱ ցուցանիշը, տարբեր ցուցանիշների համախմբով պետք է նայենք, թե որտեղ ենք մենք գտնվում»,- ընդգծեց նախարարը: Անվանական առումով ըստ Արամյանի, պարտքի մեծացումը խնդիր չէ: Նա հայատարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է պարտք վերցնել: «Այստեղ կարևորը, ոչ թե պարտք վերցնելն է, այլ կամաց-կամաց կարգաբերելը հարաբերական ցուցանիշները: Մենք պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսությունն աճի: Եթե մի կետի հասնենք, որ տնտեսությունն ավելի արագ աճի, քան պարտքը, դա նշանակում է, որ ցանկալի արդյունքի ենք հասել: Ո՞րն է ճիշտ քաղաքականությունը, պարտք, այո, պետք է վերցնես: Բայց միաժամանակ պետք է ջանքեր գործադրես, որ ընթացիկ ծախսերը ճիշտ լինեն, դա բերի տնտեսության արտադրողականության բարձրացմանը», հավելեց նա:

Lragir.am
26-06-2017 11:14