Եվրամիության կտրուկ նախազգուշացումը Հայաստանին

Եվրամիության ու Հայաստանի միջեւ սկանդալն, ըստ երեւույթին, լուրջ շարունակություն է ստանալու: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հերթական նախազգուշացումն է արել: «Որպես Եվրոպական միություն՝ մենք հայտնել ենք մեր նախնական կարծիքը վերջին ընտրությունների մասին: Ինչպես բոլորը, մենք այժմ սպասում ենք ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին: Դրանից հետո մենք գուցե հանդես գանք մեր լրացուցիչ մեկնաբանություններով», ասել է Պյոտր Սվիտալսկին: Հիշեցնենք, որ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Սվիտալսկին փաստացի կասկածի տակ դրեց ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրության լեգիտիմությունը, խոսելով ԿԸՀ-ի արժանահավատության մասին: Պետք է ենթադրել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը նախնականի նման չի լինի: Տարբերությունը կարող է 2-3 բառով լինել՝ Եվրամիությունը Հայաստանի ընտրությունները ճանաչու՞մ է ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, թե ոչ եւ մտադի՞ր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Սվիտալսկու խոսքերը վկայում են, որ նրան ինչ-որ բան հայտնի է եւ զգուշացնում է Հայաստանի իշխանությանը: Հնարավոր է, վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է հարթեցնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը: Ժամանակը ցույց կտա՝ ստացվել է, թե ոչ: Եվրամիության պատվիրակության ղեկավարի հայտարարությունների հետ կապված սկանդալը Հայաստանում վերածնել է դիսկուրսը, որ Սերժ Սարգսյանը բարդ ընտրության առաջ է կանգնել՝ արդյոք նոյեմբերին կստորագրի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, թե նորից վերջին պահին կհրաժարվի: Իրականում ընտրություն չկա: Սերժ Սարգսյանն իր ճակատագրական ընտրությունը կատարել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին եւ հաստատել դեկտեմբերի 2-ին՝ ստորագրելով Հայաստանի անվտանգությունը ռուսական բազային, էներգետիկան ու արտաքին քաղաքականությունը՝ Գազպրոմին, իսկ սահմանները՝ Մաքսային (Եվրասիական) միության փոխանցելու պայմանագրերը: Հայաստանի ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ այդ ընտրությունն անշրջելի լինի, ինչպես հետո ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնպես որ, այժմ Սերժ Սարգսյանը ոչ մի ընտրություն չունի: Ի՞նչ պատասխան կտա Եվրամիությունը, եթե Հայաստանն իրոք հրաժարվի համաձայնագրից: Առաջին քայլը, անկասկած, կլինի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, եւ եթե եվրոպացի փորձագետները հայտարարեն ընտրությունները չճանաչելու մասին, դա կնշանակի, որ Եվրոպան Հայաստանի իշխանություններին լեգիտիմ չի ճանաչում: Միայն ենթադրել կարելի է, թե ինչ կհաջորդի դրան: Դա թե միջազգային վարկերի մերժումն է, թե մարդու իրավունքների խախտումների հետաքննությունների նախաձեռնումը եւ այլն: Եվրոպան քաղբանտարկյալ չի ճանաչել նրանց, ովքեր Հայաստանում ճաղերի հետեւում են քաղաքական հայացքների համար: Դա կարող է փոխվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից հետո: 2013 թվականին իր ընտրությունը կատարած եւ նոր հնարավորություն ստացած Սերժ Սարգսյանին հազիվ թե հետաքրքիր լինեն Եվրոպայի քայլերը: Նա չի էլ կարող ստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բաց տեքստով հայտարարել է, որ «ոմանք փորձում են Արեւելյան գործընկերությունը հակառուսական գաղափարի» վերածել: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հազիվ թե համարձակվի ստորագրել համաձայնագիրը: Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, որովհետեւ այժմ «չի վախենում ինքնիշխանության մասը կորցնելուց»: Ըստ երեւույթին, ռուս փորձագետը նկատի ունի, որ Հայաստանն արդեն փոխանցել է ինքնիշխանությունը Ռուսաստանին եւ այլեւս կորցնելու բան չունի: Լավրովի եւ ռուս փորձագետների խոսքերում կարելի է անթաքույց հեգնանք նկատել:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
26-06-2017 11:26