Գերմանիան արգելել է Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված Էրդողանի թիկնազորի անդամների մուտքը Համբուրգ

26-06-2017 11:21

Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին ընդառաջ գերմանական կողմը հայտնել է, որ չի ցանկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներից մի քանիսի մուտքը երկիր: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական Անկարային հայտնել են, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա, և որոնց նկատմամբ կա կալանքի որոշում: Բացի այդ, Welt am Sonntag-ը հայտնում է, որ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գրասենյակից թուրքական կողմին նախազգուշացրել են, որ հնարավոր բողոքի ցույցերի պարագայում թիկնազորի անդամներն իրավունք չունեն միջամտելու: Համբուրգի ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ թույլ չեն տալու իրենց քաղաքում Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերի կրկնությունը: «Մեր փողոցներում անցնում է Համբուրգի ոստիկանության խոսքը»,- հայտնել են գերատեսչությունից: Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում են բողոքի ակցիաներ: Մասնավորապես հայտնի է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները Թուրքիայի ղեկավարության դեմ բողոքի ակցիա են կազմակերպում:

1in.am
26-06-2017 11:21