Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում. ANF News

27-06-2017 18:48

Թուրքական իշխանությունները Սիրիայի հետ սահմաննին անվտանգության պատ կառուցելուց հետո, նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ANFNews լրատվական գործակալությանը: Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ: Ըստ աղբյուրի՝ երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. հունվարին Թուրքիայի քաղաքական կուլիսներում հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։ Դրանից որոշ ժամանակ անց էլ Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր սկսվեցին Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին: Դրա վերաբերյալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Մահմութ Թանալը հարցադրում էր ուղղել Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին: Վերջինս հաստատել էր, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել : Անվտանգության պատի կառուցման մասին որոշ տեղեկություններ էր հայտնել նաև Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած թուրք հայտնի սյունակագիր Աբդուրքադիր Սելվին: Վերջինս «Hürriyet» պարբերականի համար գրած հոդվածում նշել էր. «PKK-ն թուրք-իրանյան սահմանին ռազմաճամբարներ ունի: Դրանք ներխուժելով Թուրքիա՝ գործողություններ են իրականացնում, ապա հետ են վերադառնում: Աղրը նահանգում ահաբեկիչների դեմ մեր կողմից իրականացված գործողությունների ժամանակ նրանք փախան դեպի այդ ռազմաճամբարները: Ի պատասխան դրան՝ Աղրը-Իգդիր սահմանը փակում ենք 70կմ-ոց պատով»:

1in.am
27-06-2017 18:48