Մեր ռազմական հզորության միֆը

28-06-2017 16:45

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնը հրապարակել է «Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշ-2017»-ը, որը կազմվել է ավելի քան 50 ցուցանիշի վերլուծության հիման վրա: Աշխարհի 131 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը, Վրաստանը՝ 80-րդ, Ադրբեջանը՝ 59-րդ: Հասկանում ենք, որ մեր հայրենակիցներից շատերը սովոր չեն սթափ աչքերով նայել իրականությանը և այս թվերի ու հատկապես Ադրբեջանի ու Վրաստանի հետ արված համեմատականների մեջ դավադրություն են փնտրելու: Սակայն ժամանակն է հասկանալու, որ ռազմական հզորությունը զուտ ռազմական ցուցանիշ չէ և հարակից բազմաթիվ գործոնների հանրագումարում ստացվող կատեգորիա է, որն, ըստ էության, բացահայտում է երկրի քաղաքական, տնտեսական պոտենցիալը: Չի կարող երկիրը չունենալ ինքնաբավ արտաքին քաղաքականություն, ըստ էության` ինքնիշխանություն, բայց օժտված լինել ռազմական մեծ հզորությամբ: Եթե անգամ նման անհամաչափություն հնարավոր է, ապա` շատ կարճ ժամանակի համար, որովհետև ոչ պետական վիճակը մսխելու է զինուժի հզորությունը: Ռազմական հզորության գլոբալ ինդեքսը (Global Firepower Index) կազմելիս հաշվի են առնվում այդ թվում՝ զինվորական ծառայության պիտանի անձանց թիվը, պետական ծախսերը բանակի վրա, օդատիեզերական, ծովային ուժերի հզորությունը: Ակնհայտ է, որ զանգվածային արտագաղթն, օրինակ, միֆ է դարձնում մեր ռազմական հզորության թեզը, որովհետև բանակի համալրումը դառնում է լրջագույն խնդիր: Իհարկե, այս թեման Հայաստանում ընդունված չէ քննարկել՝ թշնամուն չուրախացնելու կեղծ մտահոգությամբ. Իրականում՝ այսօրվա կոմունիկացիոն աշխարհում դժվար չէ Բաքվում նստած տեղեկացվել դեմոգրաֆիկ այն աղետալի վիճակի մասին, որ առկա է Հայաստանում: Նույնը վերաբերում է տնտեսության անմխիթար վիճակին: Հայաստանի տնտեսական այսօրվա պոտենցիալն ուղղակի չի ձգում ռազմական հզորության մեր պատկերացումներին: Խոսքը` թե օբյեկտիվորեն փոքր տնտեսության մասին է և թե այն թալանի, որին ենթարկվում են հանրային միջոցները` դառնալով քրեաօլիգարխիայի եկամտաբեր բիզնեսներ, անառիկ ամրոցներ, շքեղ ավտոմեքենաներ: Իրավիճակը կարող է փոխվել միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով: «Ազգ-բանակ», մյուս պաթոսիկ ծրագրերը միայն կոնսերվացնում են տխուր իրականությունը, սակայն իրական դեղատոմս չեն, որովհետև, առաջին հերթին, պրոպագանդիստական, PR նշանակություն ունեն, քան ուղղված են պետության ռեսուրսների սթափ գնահատմանն ու դրանց օպտիմալ օգտագործմանը: Ռազմական հզորության իրական պատկերն անհրաժեշտություն է նաև ԼՂ խնդրում համարժեք վարքագիծ դրսևորելու համար: Պարտվողականությունն ու միակողմանի զիջումներն ընդունելի չեն, մյուս կողմից` արկածախնդրություն են Բաքուն գրավելու կոչերը, որովհետև Հայաստանի համար դժվար է անգամ այսօրվա ստատուս-քվոն պահելը: Ադրբեջանի հետ երկարատև դիմակայության տրամաբանությունը ենթադրում է, առաջին հերթին, այսօրվա ստատուս-քվոյի պահպանում, բայց ստատուս-քվոն հենվում է ոչ միայն այսօրվա սահմանների փաստացի անխախտելիության, այլ նաև երկրի համաչափ զարգացման ցուցանիշների վրա: Այս հարցում Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի, որը թույլ է տալիս պնդել, որ բանակի թիկունքն ապահով չէ: Այլ խոսքով` մեր քաղաքական և տնտեսական համակարգերը չեն կարողանում ապահովել ռազմական անհրաժեշտ հզորություն` ոչ միայն հակառակորդի նկատմամբ վերջնական հաղթանակ ձևակերպելու, այլ անգամ` նպաստավոր ստատուս-քվոն պահպանելու համար:

1in.am
28-06-2017 16:45