Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ձեռնոց նետեցին միմյանց

29-06-2017 00:36

Կառավարության հունիսի 29-ի նիստը վարել է Սերժ Սարգսյանը: Այդ երևույթը նոր կամ բացառիկ չէ, քանի որ նոր կառավարության ձևավորման կամ կառավարության ծրագրի հաստատման պարագայում Սերժ Սարգսյանն է, այսպես ասած, տալիս մեկնարկը: Միաժամանակ, սակայն, հասկանալի է, որ ներիշխանական ներկայիս իրողությունների և 2018 թվականին նախագահի պաշտոնաթողության ու կառավարման մոդելի արդեն լիարժեք փոփոխության ֆոնին Սարգսյանի մասնակցությունը կառավարության նիստին ստանում է առանձնահատուկ բնույթ: Ըստ այդմ, առանձնահատուկ ուշադրության են արժանանում այդ մասնակցության ընթացքում հնչած շեշտադրումները: Սարգսյանի ելույթը պարունակել է մի քանի ուշագրավ ակնարկ: Նախ՝ նա խոսելով քաղաքական թիմի շրջանակի մասին՝ դրանում ընդգծել է գործադիրն ու օրենսդիրը, ինչպես նաև ՏԻՄ համակարգը՝ այդպիսով գուցե ակնարկելով վարչապետին, թե ինչ մասշտաբի մրցասպարեզի հետ գործ ունի 2018-ի դիմակայության խնդրում: Սարգսյանը գործնականում փորձել է թերևս դրանով ընդգծել իր «տիրապետության» սահմանը: Այդ համատեքստում է թերևս եղել նաև ակնարկը, որ պատրաստ են գործակցել այլ քաղաքական ուժերի հետ՝ պայմանով, որ նրանք չեն անցնում քաղաքավարության և բարեկրթության նորմը: Ընդհանրապես Սերժ Սարգսյանի մեսիջները կառավարության նիստում եղել են հակասական: Մի կողմից՝ նա հայտնել է լիակատար վստահություն Կարեն Կարապետյանին, մյուս կողմից՝ ակնարկներ է հղել, որ իրավիճակը ինքն է վերահսկում, ոչ թե Կարապետյանը: Թերևս հենց այդ ակնարկներին պատասխանելու համար է նաև Կարեն Կարապետյանն արձագանքել, որ գիտի հեշտ չլինելու պարագան, սակայն վճռական է տրամադրված: Սերժ Սարգսյանն էլ փորձել է, այսպես ասած, պարտք չմնալ և հայտարարել է, թե՝ իհարկե, հեշտ չի լինելու, դա բոլորը գիտեն, այլապես ամեն ինչ վաղուց եղած կլիներ: Թե ինչ է դրանով ակնարկել Սերժ Սարգսյանը՝ կարող է մեկնաբանվել տարբեր կերպ, սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կառավարության հունիսի 29-ի նիստում միմյանց ձեռնոց են նետել: Դժվար է ասել, թե նրանցից հատկապես ո՞ւմ համար ի վերջո հեշտ չի լինելու 2018-ի ապրիլին, բայց միարժեք է, որ հեշտ չի լինելու այդ պայմաններում և այդպիսի դիլեմաներում գտնվող պետության համար, որի իրական ներքին ու արտաքին խնդիրները, մեղմ ասած, չափազանց լուրջ են այդօրինակ դիլեմաներով սպասարկվելու համար:

1in.am
29-06-2017 00:36