Ինչու է աղմկում Ստեփանակերտը

29-06-2017 00:50

Երեկ Արցախի խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավորը՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ԱԺ իր երեկվա ելույթը նվիրել է ոչ ԼՂՀ ներքաղաքական զարգացումներին և ոչ էլ կարգավորման գործընթացին, այլ անդրադարձել է Հայաստանում ձևավորված մոնոպոլիստական համակարգին՝ անխնա քննադատության ենթարկելով Սերժ Սարգսյանին: Խանումյանի գնահատականները հիմնականում օբյեկտիվ են, այլ խնդիր են նրա ելույթի մոտիվները և արված առաջարկը: «Ազգային վերածնունդ» կուսակցության գործունեությունը կապվում է Սամվել Բաբայանի անվան հետ, սակայն նույնիսկ այս հանգամանքը, մեծ հաշվով, չէր կարող ստվերել Խանումյանի խոսքը, եթե չլիներ դրա վիճահարույց վերջաբանը: Նա Արցախի իշխանություններին կոչ է արել ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա՝ Հայաստանում մենաշնորհները վերացնելու համար: «Ես չգիտեմ՝ այդ ճնշումն ինչպես է լինելու՝ համոզելո՞վ է լինելու, Արցախ եկող ապրանքների չափով քվոտա ուզելով և շուկա նոր դերակատարներ մտցնելո՞վ է լինելու, թե՞ ուղղակի չոր պահանջ դնելով է լինելու, սակայն այս պայմաններում, երբ Արցախում տեղի է ունենում աշխատատեղերի կրճատում, երբ ընտանեկան տնտեսությունները հզորացնելու խնդիր ունենք, երբ ամեն օր կարող ենք արթնանալ լայնածավալ պատերազմական իրավիճակում, մենք ուղղակի պարտավոր ենք ոչնչացնել մեր թիկունքին ամեն օր հարվածող թշնամուն՝ Հայաստանում հաստատված մոնոպոլիստական համակարգը»,-եզրափակել է Խանումյանը: Բանն այն է, որ մենք ունենք նախադեպ, երբ Արցախի իշխանությունները «չորով» միջամտել են Հայաստանի ներքաղաքական կյանքին, և այդ միջամտության դառը պտուղները, մեղմ ասած, վայելում ենք մինչև այսօր: Խոսքը 1997-98թթ. իրադարձությունների մասին է, երբ նախ՝ Հայաստանի վարչապետ դարձավ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա ամիսներ անց «ղարաբաղյան» կլանը Հայաստանում, ըստ էության, իրականացրեց պետական հեղաշրջում: Արդեն մոտ քսան տարի Հայաստանի իշխանության ղեկին, ըստ էության, այդ կլանն է, բայց դրանից Արցախը ոչ միայն չի շահել, այլև դարձել է ավելի խոցելի՝ դուրս մղվելով կարգավորման գործընթացից և զուտ հայկական ընկալմամբ դառնալով ավելի երկրորդական, որովհետև ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխվեցին, այսպես կոչված, էլիտայի ներկայացուցիչները՝ իրենց ազգ ու տակով: Ղարաբաղյան էլիտայի երկու ներկայացուցիչների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանում ձևավորվեց և ամրապնդվեց Խանումյանի ասած՝ մոնոպոլիստական համակարգը: Համենայնդեպս, մենաշնորհները, կոռուպցիան, ապօրինի հարստացումները կապվում են ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ նախագահի պաշտոնում նրան փոխարինած, ղարաբաղյան ծագում ունեցող երկու նախագահների անվան հետ: Հայաստանը եթե մի բանից ազատվելու խնդիր ունի, ապա դա ղարաբաղյան «էլիտայի» իշխանությունն է՝ իր մոդիֆիկացիաներով հանդերձ, իսկ Խանումյանը ճիշտ կաներ, որպեսզի այդ էլիտային կոչ աներ վերադառնալ Արցախ՝ իր թալանի գոնե մի մասը ԼՂՀ տնտեսության մեջ ներդնելու նպատակով: Այդ առաջարկը միանգամայն համարժեք կլիներ Հայաստանի ու Արցախի զարգացման հրամայականին:

1in.am
29-06-2017 00:50