ՀՀ-ում այս տարի նորածնի մահացության մեկ դեպք է գրանցվել՝ մինչև հնգյակից 3 նորածինների մահը. Լևոն Ալթունյան

29-06-2017 17:24

Հայաստանում 2017թ. նորածին երեխայի մահացության մեկ դեպք է գրանցվել՝ չհաշված վերջերս լույս աշխարհ եկած հնգյակից երեք նորածինների մահվան դեպքերը: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: «Թեման շուտ նուրբ, շատ զգայուն և շատ ցավոտ է: Մինչև հնգյակի ծնվելը մենք Արևմտյան Եվրոպայի երկրներից ավելի լավ ցուցանիշ ունեինք՝ Հայաստանում մեկ նորածին երեխա էր մահացել»,-ասաց նախարարը: Անդրադառնալով հնգյակին՝ Ալթունյանը նշեց, որ դեռևս հղիության երկրորդ ամսում մորն առաջարկվել է հրաժարվել երեխաների մի մասից, մինչդեռ նա հրաժարվել է, ինչի հետևանքով երեխաները 3 ամիս շուտ են ծնվել և թերհաս: Նորածինների մահացության թվի նվազման համար նախարարը կարևորեց նաև մարզում ոլորտի աշխատակիցների հետ անցկացրած թեստավորումներն ու դասընթացները, որոնք բավականին արդյունավետ են եղել:

1in.am
29-06-2017 17:24