Ոստիկանությունն արձագանքեց ոստիկանական հագուստով անձանց և փողոցում միրգ վաճառող կնոջ միջև միջադեպին

29-06-2017 17:29

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,-նշված է գրառման մեջ: Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մարտիրոսյանը գրառում է կատարել, որտեղ տեսանյութով եւ լուսանկարներով ցույց է տվել, թե ինչպես են Մաշտոց-Խորենացի խաչմերուկում ժամը 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում փողոցում ծիրան ու բալ վաճառող տատիկների դույլին ու արկղին՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ:

Lragir.am
29-06-2017 17:29